Քաղաքականություն

ՀՀ-ում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը ցնցված է Ադրբեջանի հարձակման հետևանքով Ջերմուկում առկա ավերածություններից

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը ցնցված է Ադրբեջանի հարձակման հետևանքով Ջերմուկում առկա ավերածություններից

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան, այս պահին Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը ցնցված է Ադրբեջանի հարձակման հետևանքով Ջերմուկում առկա ավերածություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակում է արվել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջում:

Հրապարակման մեջ նշվում է, որ Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը մեկն էր այն մոտ 50 դիվանագետներից, որոնք հրավիրված էին այդ քաղաքում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին։

«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու բնակելի շենքերից ու զբոսաշրջիկներով լի հյուրանոցներից։ Գերմանուհի զբոսաշրջիկն իր հյուրանոցի սենյակից կարողացել է լուսանկարել պայթյունները, այնքան մոտիկ են նրանք եղել դրանց։ Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին»,- Ջերմուկ կատարած այցից իր տպավորություններն է հայտնել դիվանագետը։

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որի քաղաքացիական ենթակառուցվածքներին պարբերաբար հրետանային ու հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման ընթացքում: Դիվանագետները ծանոթացել են ադրբեջանական հրետակոծությունից հետո քաղաքում ստեղծված իրավիճակին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նրանց ներկայացրել է սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև հարձակման ընթացքում ադրբեջանական զինված ուժերի գործած վայրագությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում