Հասարակական

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը անհապաղ հրադադարի և բանակցություններին վերադառնալու կոչ է անում

4 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը անհապաղ հրադադարի և բանակցություններին վերադառնալու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների լույսի ներքո ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պեր Ժոան Պոնսը (Իսպանիա) միացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ և տևական հրադադար հաստատելու և բանակցություններին վերադառնալու միջազգային կոչերին՝ մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հատուկ ներկայացուցչի տարածած հայտարարությունը:

«Մեր վեհաժողովը մեծ անհանգստությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զինված բախումներին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և երկու երկրները պետք է վերադառնան դեպի կառուցողական երկխոսության ուղի՝ խաղաղության համապարփակ պայմանագիրը ավարտին հասցնելու համար: Շարունակական այս բախումները ոչ միայն վնաս են հասցնում վերջին երկու տարվա ընթացքում գրանցված որևէ առաջընթացին, այլև արդեն ավելի քան 100 հոգու, այդ թվում՝ քաղաքացիական անձանց կյանքեր արժեցան ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի կողմից», - հայտարարել է Պոնսը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի սեպտեմբերի 13-ի հայտարարությանը, որով կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին:

«Մեր կազմակերպության ուղենիշային սկզբունքները նախատեսում են, որ վեճերը մեր անդամ պետությունների միջև պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և մենք չպետք է դիմենք ուժային միջոցների, որոնք հանգեցնում են հետագա ավերածությունների և երկարատև մարդկային տառապանքների: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդությանը ու դրան աջակցելուն և միտված են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը երկու երկրների միջև ու ամբողջ Հարավային Կովկասում», - հավելել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը:

Պեր Ժոան Պոնսը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ է ընտրվել 2022 թ. Բիրմինգհեմում կայացած ամենամյա նստաշրջանում, իսկ 2022 թ. հուլիսին վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի կողմից նշանակվել է հատուկ ներկայացուցիչ:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը հարձակման էին անցել Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողություններն ընթանում էին ողջ գիշեր: Ադրբեջանը գրեթե երկու օրը շարունակում էր իր ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության հանդեպ: Սեպտեմբերի 14-ի երեկոյան ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդեց, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Նախնական տվյալներով հայկական կողմն ուներ 49 զոհ, սակայն սեպտեմբերի 14-ին նոր տվյալներ հաղորդվեցին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 105-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում