ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը չեղարկել է դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախատեսված համերգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է «Ինստագրամի» իր պաշտոնական էջի միջոցով: Երգիչը «Սթորի» բաժնում գրել է. «Մենք որոշել ենք չեղարկել Ադրբեջանում նախատեսված համերգը: Յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է թույլ տալիս այլ երկրի նկատմամբ, իմ համերգների համար հարթակ չէ»:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։