Քաղաքականություն

Միայն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հստակ արձագանքը կարող է կանխել նոր պատերազմը․ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Միայն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հստակ արձագանքը կարող է կանխել նոր պատերազմը․ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանըսեպտեմբերի 13-ին մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծված ռազմական ագրեսիային:

Դեսպան Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևի կոնվենցիաների բացահայտ խախտմամբ, գնդակոծության են ենթարկել հայկական մի շարք բնակավայրեր` օգտագործելով ծանր սպառազինություն, այդ թվում՝ հրետանային միջոցներ, ականանետներ ու ԱԹՍ-ներ։

Նշվել է, որ Ադրբեջանի այս ագրեսիան ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների, ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում է:

Անդրադառնալով միջազգային հանրության պատշաճ արձագանքի անհրաժեշտությանը` դեսպան Պապիկյանն ընդգծել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հստակ և միանշանակ դատապարտման կարևորությունը ԵԱՀԿ և նրա մասնակից պետությունների կողմից: Շեշտվել է, որ միայն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հստակ արձագանքը և համարժեք գնահատականը, ներառյալ միջազգային հանրության կողմից համապատասխան գործուն քայլերը կարող են կանխել նոր պատերազմը տարածաշրջանում։

Նա նշել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառումը խաթարում են տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորմանը։

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը` տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման օրակարգին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջազգայն մանդատ ունեցող բանակցային ձևաչափի, ջանքերի կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում