Հասարակական

ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հորդորել է դադարեցնել Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

Նա հայտնել է, որ պետքարտուղար Բլինկենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքի հրետակոծման վերաբերյալ:

«Պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ձգտում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի խաղաղ կարգավորման»,-ասված է խոսնակի տարածած հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում