Պաշտոնական

Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

2 րոպեի ընթերցում

Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է, որ ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

«Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հայտարարության մեջ:

Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49, արդեն հրապարակվել է հանրապետության վարչապետի կողմից։ Տվյալների լիարժեք ճշտումներից հետո Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ տեղեկություններ կհայտնի զոհերի և վիրավորների թվի մասին:

Ինչպես արդեն նշվել է, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան: Պաշտպանության նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական տելեգրամ ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ կապված հայ զինծառայողների հետ։ Դրանց վերաբերյալ նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։

Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում