Քաղաքականություն

Ադրբեջանը պատրաստվում է սահմանազատման, սահմանագծման համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պատրաստվում է սահմանազատման, սահմանագծման համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պատրաստվում է սահմանազատման, սահմանագծման գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել՝ իր ձևակերպմամբ իբր Հայաստանին հանձնված որոշ տարածքների առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ ներկայացնելով ներկայիս սահմանային լարվածության համատեքստը:

«Ի՞նչ նկատի ունենք տարածքային ամբողջականություն ասելով. օրինակ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով՝ արդյոք նաև նկատի՞ է ունենում այն տարածքները, որոնք կամ 2021 թվականի մայիսի 12-ի իրադարձությունների արդյունքում կամ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից: Արդյոք Ադրբեջանը նաև նկատի ունի՞ ՀՀ այս տարածքները: Այս հարցը, համենայնդեպս, մեր տպավորություններով և քննարկումներով միանշանակ արձագանք չի ստանում Ադրբեջանի կողմից»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հաջորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանն ակնկալում է , որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս:

Վարչապետի խոսքով՝ հաջորդ հարցը հետևյալն է՝ եթե տեսականորեն լինի այդպիսի ըմբռնում և արձանագրում, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի և չի ունենալու:

«Խոսակցության և քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, որ Ադրբեջանը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց, երբ խոսակցություն է գնում օրինակ սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել՝ իր ձևակերպմամբ իբր «ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ»: Եվ այդ տարածքների անունները նրանք իրենց հրապարակային ելույթներում արձանագրում են, ասում են, խոսում են այդ տարածքների մասին: Երբ նման բովանդակությամբ հարցազրույցներ, հայտարարություններ են հնչում, նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով, Սյունիքի մարզով, ավարտում Հայաստանի մայրաքաղաք Երևանով: Ուզում եմ ընդգծել՝ եթե սրանք լինեին պարզապես հարցազրույցներ և հայտարարություններ, կարելի էր դրան նույնիսկ չանդրադառնալ, սակայն բոլոր փաստերը՝ այդ թվում բանակցային, դիվանագիտական փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից»,-ասաց Փաշինյանը:

Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին՝ Փաշինյանն ասաց՝ ադրբեջանական կողմի դիրքորոշումը գնալով ավելի ու ավելի հստակ է դառնում, թե ԼՂ խնդիր չկա, այն լուծվածն է, հետևաբար ՀՀ-ի հետ քննարկելու անհրաժեշտություն չկա, իրենք այդ հարցը կարող են քննարկել միջազգային կազմակերպությունների հետ՝ չի բացառվում նաև իրենց ձևակերպմամբ ԼՂ-ի հայերի ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում