Հասարակական

Կերտելով մեդիայի ապագան. «Արմենպրես»-ը՝ Աբու Դաբիի Համաշխարհային մեդիա կոնգրեսի ինֆորմացիոն գործընկեր

4 րոպեի ընթերցում

Կերտելով մեդիայի ապագան. «Արմենպրես»-ը՝ Աբու Դաբիի Համաշխարհային մեդիա կոնգրեսի ինֆորմացիոն գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչները 2022 թվականի նոյեմբերին կհավաքվեն Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքում՝ մասնակցելու առաջին Համաշխարհային մեդիա կոնգրեսին (Global Media Congress): Հայաստանն այս բացառիկ իրադարձությանը կներկայացնի «Արմենպրես»լրատվական գործակալությունը։ Կոնգրեսը տեղի կունենա ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանու ներքո։ Կոնգրեսի կազմակերպիչները Աբու Դաբիի Ազգային ցուցադրությունների ընկերությունն (ADNEC) ու Էմիրաթների լրատվական գործակալությունն (WAM) են։ Այն յուրօրինակ հարթակ կդառնա լրագրողների, տեխնոլոգիական ընկերությունների, թվային մարքեթինգի մասնագետների, հեռարձակման հսկաների և մեդիա ոլորտով հետաքրքրված տարբեր կողմերի համար՝ հնարավորություն տալով մասնակիցներին փոխանակվել ոլորտի համար կարևոր գիտելիքներով և նոր համագործակցությունների դռներ բացել։ Կոնգրեսի ինֆորմացիոն գործընկերությունը «Արմենպրես»-ը ստանձնել է WAM-ի հետ համագործակցության արդյունքում։ Էմիրաթների առաջատար լրատվամիջոցի հետ «Արմենպրես»-ը համագործակցության հուշագիր էր ստորագրել դեռևս 2019 թվականի մայիսի 3-ին։

«Մեդիային առնչվող նմանօրինակ խոշոր միջոցառման կազմակերպումը կարևոր է ոլորտի հրատապ հարցերն ու մարտահրավերները քննարկելու և դրանց հաղթահարման ուղիները մշակելու տեսանկյունից։ Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու են նաև տեխնոլոգիական ընկերություններ, քանի որ մեր ժամանակներում նորագույն տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը դարձել են կարևոր գործիք լրատվամիջոցների աշխատանքի կազմակերպման հարցում։ «Արմենպրես»-ի ներգրավվածությունը լավ հնարավորություն կընձեռի ծանոթանալ ոլորտում առկա համաշխարհային միտումներին, ինչպես նաև ներկայացնել մեր գործակալության փորձն ու ընդլայնել համագործակցության եզրերը»,- նշում է «Արմենպրես» գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը։

Նոյեմբերի 15-ից Աբու Դաբիում մեկնարկող եռօրյա կոնգրեսի շրջանակում տեղի կունենա համաժողով, որն իր տեսակի մեջ առաջինն է Մերձավոր Արևելքում։ «Կերտելով մեդիա ոլորտի ապագան» (Shaping the Future of the Media Industry) խորագրով համաժողովը կմիավորի տարածաշրջանի ու ողջ աշխարհի առաջնորդներին, որոշում կայացնողներին, փորձագետներին ու լրագրողներին՝ քննարկելու մեդիային առնչվող հարցեր ու խնդիրներ, փորձելով գտնել արդի մարտահրավերների լուծումներն ու այդպիսով կարևոր քայլ անելով համաշխարհային մեդիայի ապագան կանխորոշելու գործում։ Միևնույն ժամանակ համաժողովը կդառնա հարթակ՝ քննարկելու, վերլուծելու և հասկանալու Մերձավոր Արևելքում զանգվածային լրատվամիջոցների դերն ու նշանակությունը։ Ակնկալվում է, որ համաժողովի մասնակիցների թիվը կգերազանցի 2000-ը։ Դրանց շարքում են լինելու ներկայացուցիչներ ինչպես միջազգային լրատվամիջոցներից, այնպես էլ խոշոր սոցիալական մեդիաընկերություններից։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում