Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Էլիզաբեթ Թրասին՝ Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից խորին ցավակցություններ եմ հղում Ձեզ, Միացյալ Թագավորության կառավարությանը, թագավորական ընտանիքին և բարեկամ բրիտանացի ժողովրդին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

Թագուհու վախճանը մեծ ցավ և կորուստ է ոչ միայն բրիտանացիների, Ազգերի համագործակցության ժողովուրդների, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար։

Իր 70-ամյա ղեկավարման երկար և փորձություններով լի տարիներին Նորին Մեծությունն իր իմաստությամբ, խոհեմությամբ և բարեսիրությամբ անգնահատելի ավանդ ու ներդրում է ունեցել Միացյալ Թագավորության զարգացման գործում, ինչպես նաև՝ անջնջելի հետք թողել համաշխարհային պատմության մեջ։

Պատմության արհավիրքներն անգամ չեն կարողացել խաթարել Եղիսաբեթ Երկրորդի անկոտրում կամքը։ Նրա լուսավոր կերպարը մշտապես խորհրդանշել է ուժեղ պետական գործչի, միևնույն ժամանակ՝ մայրության, կանացիության, ավանդույթների ներդաշնակ միահյուսումը։

Պատմության գրեթե մի ողջ դարաշրջան մարմնավորող թագուհին վառ կմնա մեր բոլորի հուշերում։

Այս դժվար պահին հայ ժողովուրդն աղոթում է բրիտանացի ժողովրդի հետ միասին և կիսում նրա ցավն ու կսկիծը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում