Թերլիցքավորման համար լցակայանների նկատմամբ կիրառվող տուգանքի չափը կփոխվի
3 րոպեի ընթերցում
![Թերլիցքավորման համար լցակայանների նկատմամբ կիրառվող տուգանքի չափը կփոխվի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1091902.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բենզալցակայաններում և գազալցակայաններում թերլիցքավորման համար կիրառվող տուգանքի չափը կփոփոխվի, ներկայում գործող 500 հազար դրամի փոխարեն կսահմանվի 200 հազար դրամ ֆիքսված գումար՝ ավելացրած լցակայանի վերջին եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի և Ծովինար Վարանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և«Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի լիագումար նիստում:
Այս պահին թերլիցքավորման արդյունքում ձևավորված տուգանքը ֆիքսված գումար է՝ 500 հազար դրամ: «Նախագծով աառաջարկվում է ավելի համաչափության սկզբունք ներդնել, և տուգանքը սահմանել ֆիքսված 200 հազար դրամ՝ գումարած տվյալ լցակայանի նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը: Այսինքն՝ այսուհետ տուգանքներն ավելի համաչափ կլինեն, եթե մեծ լցակայան է, բնականաբար, նրա խախտումները քանակային առումով ավելի շատ կլինեն, և նրա տուգանքն ավելի շատ կլինի, իսկ փոքրերի համար՝ փոքր»,-ասաց Վարդանյանը:
Նախագծով նախատեսվում է, որ լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալու հաջորդող 3 օրվա ընթացքում բաշխիչ կայանների վրա վարորդի համար տեսանելի հատվածում պետք է տեղադրվի ցուցանակ, որում նշված լինի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլցում կատարելու համար: «Այս փոփոխությունը կրում է կանխարգելիչ բնույթ: Լցակայաններն այսուհետ ավելի աչալուրջ կգտնվեն, որպեսզի նման թերլցումներ չիրականացնեն»,-ասաց Ծովինար Վարդանյանը:
Ցուցանակը փակցվելու է 1 ամիս ժամկետով: Այն դիտավորությամբ հեռացնելը ևս տուգանմ ան ենթակա արարք է:
Հաջորդ փոփոխությամբ նախատեսվում է, որ ամեն լցակայան կունենա իր QR կոդը, որի միջոցով քաղաքացիները կկարողանան տիրապետել այնտեղ ստւգումների վերաբերյալ տեղեկատվությանը, թե արդյոք հայտնաբերվե՞լ են խախտումներ: «Սա հանրային վերահսկողության գործիք է, որով հաճախորդները կարող են հասկանալ, թե այն տնտեսավարողը, որից օգտվում են, ստուգումների ի՞նչ պատմություն ունի, արդյոք խախտումներ անո՞ւմ է»,-ընդգծեց պատգամավորը: