Թաքնված աշխատուժի բացահայտման համար ստուգումներից 3 օր առաջ տնտեսավարողին այլևս ծանուցում չի ուղարկվի
2 րոպեի ընթերցում
![Թաքնված աշխատուժի բացահայտման համար ստուգումներից 3 օր առաջ տնտեսավարողին այլևս ծանուցում չի ուղարկվի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1091894.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը թաքնված աշխատուժի և ոչ պատշաճ կքնված պայմանագրի դեպքերի բացահայտման նպատակով ստուգումներից 3 օր առաջ այլևս ծանուցում չի ուղարկի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն:
«Հստակեցնում ենք, որ այսօր գործող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը թաքնված աշխատուժի և ոչ պատշաճ կնքած պայմանագրի դեպքերի բացահայտման համար ստուգումները պետք է իրականացնի առանց ստուգումների մասին օրենքով սահմանված 3-օրյա ծանուցման ժամկետը պահպանելու: Եթե ընդհանուր կանոնն այն է, որ ստուգումը սկսելուց 3 օր առաջ տնտեսավարող սուբյեկտին օր առաջ պետք է տեղեկացնել ստուգման մասին, ապա այս դեպքում թաքնված աշխատուժի բացահայտման դեպքեր կամ ստվերային աշխատանք երբևէ չենք կարող հայտնաբերել»,- ասաց նախագծի համահեղինակ Հերիքնազ Տիգրանյանը:
Ստուգումների 3-օրյա բացառման կանոնը գործելու է միայն թաքնված աշխատուժի և ոչ պատշաճ կնքած պայմանագրի դեպքում: Իսկ մնացած բոլոր ստուգումների համար կգործի 3 օր առաջ ծանուցման պահանջը:
Հանձնաժողովի նիստում հավանություն ստացած նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: