Մշակույթ

Երևանում կանցկացվի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը

4 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» ՀԿ-ն սեպտեմբերի 6-10-ը կիրականացնի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի գլխավոր հովանավորն է ArLeAM ընկերություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախորդ փառատոններն անցկացվել են 2019 և 2021 թվականներին, իսկ այս տարի այն ընդլայնում է աշխարհագրությունը՝ դառնալով միջազգային։ Մեկ գաղափարի շուրջ կհավաքվեն կրթության, ներառական ոլորտների մասնագետները, զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ու պատանիները, անվանի արվեստագետները։

«Փառատոնի նպատակն է բացել բոլոր դռները զարգացման տարբեր առանձնահատկություններով երեխաների և դեռահասների առջև։ Հավասար պայմաններ ընձեռել բոլորին՝ սովորելու, ստեղծագործելու, արարելու, բացահայտելու կարողություններն ու իրականացնելու երազանքները միասնական հարթակում՝ կողք կողքի»,- ընդգծել է Նաիրա Սարգսյանը և հավելել, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև կրթական, ներառական ոլորտի մասնագետների փորձի ներգրավում և փոխանակում:

Փառատոնի բացման արարողությունը կկայանա սեպտեմբերի 6–ին՝ ժամը 18:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որի շրջանակում տեղի կունենա փառատոնի մասնակիցների նկարչական ցուցահանդեսն ու համերգային ծրագիրը:

Սեպտեմբերի 7-8-ին ժամը 10։00-ից Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում միջազգային ճանաչում ունեցող երաժշտաթերապիայի, արտ թերապիայի, ներառական կրթության մասնագետները կանցկացնեն սեմինարներ և վարպետության դասեր, որոնց կարող են մասնակցել վերականգնողական կենտրոնների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեբաններ, երաժշտական և արտ թերապիայի մասնագետներ, երաժշտության ուսուցիչներ, լոգոպեդներ, ծնողներ:

«Մասնագիտական փորձի փոխանակման նպատակով Ռուսաստանից, Գերմանիայից, Հորդանանից հրավիրել ենք մասնագետների, որպեսզի մեր մասնագետներն ու ծնողները հնարավորություն ունենան ծանոթանալու այլ երկրների առաջատար մասնագետների գիտահետազոտական աշխատանքներին և դիտարկելու նրանց փորձը: Սեմինարներն ու վարպետության դասերը հնարավորություն կընձեռեն մեր մասնագետներին, ծնողներին նոր գիտելիքներ ձեռք բերել և կիսվել սեփական փորձով»,- նշել է Նաիրա Սարգսյանը։

Փառատոնի փակմանը՝ սեպտեմբերի 10-ին ժամը 19։00-ին, Գաֆէսճան արվեստի կենտրոնի տարածքում տեղի կունենա գալա համերգ անվանի երաժիշտների և երգիչների մասնակցությամբ։ Բեմում կլինեն Վահագն Հայրապետյանը, Գոռ Սուջյանը, Արամ mp3-ին, «Նեմրա»-ն, «Hope for coffee»-ը, Զարուհի Բաբայանը, Վիգեն Հովսեփյանը, Լիդուշիկը, Մալենան, ինչպես նաև սիրված այլ արվեստագետներ ու երաժշտական խմբեր, որոնց հետ հանդես կգան նաև փառատոնի պատանի մասնակիցները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում