Հասարակական

Հայտնի են ՀՀ-ում անցկացված «Խաղաղության մարտիկ» մրցույթի հաղթողները. Արմինե Գրիգորյանը երրորդն է անհատական հաշվարկում

3 րոպեի ընթերցում

Հայտնի են ՀՀ-ում անցկացված «Խաղաղության մարտիկ» մրցույթի հաղթողները. Արմինե Գրիգորյանը երրորդն է անհատական հաշվարկում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 25-ին տեղի ունեցավ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Խաղաղության մարտիկ» մրցույթի մրցավարական հանձնաժողովը հայտարարել է ընդհանուր հաշվարկով առաջատար թիմերը, ինչպես նաև առանձին մրցաձևերում անհատական հաշվարկով լավագույն ցուցանիշներ գրանցած զինծառայողների անունները:

«Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմն է: «Խաղաղության մարտիկ-2022» մրցույթում հաղթող է ճանաչվել Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմը՝ տանելով վստահ և վաստակած հաղթանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ լավագույնը ՌԴ թիմից եֆրեյտոր Մարինա Գովորն է: Երկրորդ տեղում Ղազախստանի մասնակիցն է՝ շարքային Նազիրա Ալբոնիսովան, ՀՀ զինված ուժերի թիմից կապիտան Արմինե Գրիգորյանը երրորդն է: Տղամարդկանց անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Բելառուսի թիմի անդամ, սերժանտ Իլյա Պուտատոն: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը Ղազախստանինն են՝ ավագ սերժանտներ Դարխան Ասլան և Տուրար Տիլեգենով:

Նշվում է, որ մրցանակակիրները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և արժեքավոր նվերներով: Միջոցառումը եզրափակվել է ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով:

Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Հինգերորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում