4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում օգոստոսի 22-25-ն առաջին անգամ անցկացվում է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022)՝ «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով, որին մասնակցում են ավելի քան 1500 պատվիրակներ՝ 54 երկրներից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» մասնագիտական գրքի հեղինակ Լիլիթ Շաքարյանը համաժողովին ներկայացրել է «Զանգվածային հաղորդակցության մարտահրավերները ժամանակակից աշխարհում. Մեդիագրագիտություն» թեմայով զեկույցը, որում ասվում է, որ մեդիա հաղորդագրությունների ճիշտ վերծանումը ժամանակակից մարդու կարևորագույն հմտություններից պետք է լինի: Այդ իսկ պատճառով մեդիա-հագեցած աշխարհում արդիական է դառնում մեդիագրագիտության հայեցակարգը։
«Մեդիագրագիտության հիմքում ընկած է մոդել, որը խրախուսում է մարդկանց հարց տալ այն մասին, թե ինչ են նայում, տեսնում կամ կարդում։ Մեդիագրագիտությունը թույլ է տալիս սպառողներին վերլուծել մեդիահաղորդագրությունները, որպեսզի կարողանան տարբերակել քարոզչությունը, գրաքննությունը, կամ միակողմանիությունը նորությունների և հանրային ծրագրերի մեջ, ինչպես նաև հասկանալ այնպիսի կառուցվածքային տարրեր, ինչպիսիք են մեդիայի սեփականատերը, նրանց ֆինանսավորման մոդելը, որն իրականում ազդում է տեղեկատվության բնույթի վրա»,- ընդգծում է Շաքարյանը:
Նա նշում է, որ կենտրոնանալով տարբեր լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության օգտագործման և տարածման վրա՝ կարելի է առանձնացնել պասիվ ու ակտիվ մեդիասպառողների:
«Ընդհանուր առմամբ, հայերն ավելի շատ հակված են տեղեկատվության պասիվ սպառմանը, քան ակտիվ: Ընդ որում, սա վերաբերվում է ինչպես հեռուստատեսությանը, ռադիոյին ու մամուլին, այնպես էլ վիրտուալ տիրույթին՝ սոցիալական ցանցեր, համացանցային մամուլ։ Վիրտուալ տիրույթում, չնայած այն հանգամանքին, որ համեմատաբար մեծ է ակտիվությունն այն իմաստով, որ մարդիկ հակված են տեղեկատվություն կիսելու, միևնույն է գերիշխում են պասիվ սպառողները, քանի որ ակտիվության ցուցանիշ համարվում է տեղեկատվության մեկնաբանումը և «լայվերը», որոնց կշիռը բավականին ցածր է։ Ըստ էության, որքան բարձր է մեդիասպառողների ակտիվության մակարդակը (տարիք, կրթություն, զբաղվածություն), այնքան նվազում է դրա կիրառման հավանականությունը: Տեղեկատվության ակտիվ օգտագործումն առավելապես բնորոշ է կանանց համար, ավելի շատ միջին տարիքի մարդկանց և քաղաքային բնակավայրերում ապրող մարդկանց համար»,- նշում է Լիլիթ Շաքարյանը՝ հավելելով, որ ժամանակակից իրականությունում մեդիան ոչ միայն ստեղծում է իրականության զգացողություն, այլև ներկայացնում է իրականությունը՝ «ֆրեյմավորելով իրադարձություններն ու իրավիճակները»։ Այս համատեքստում արդիական են դառնում մեդիագրագիտության հմտությունները, որոնք օգնում են մեդիասպառողներին զարգացնել քննադատական դիրքորոշում, ճանաչել մեդիա հաղորդագրություններում կիրառվող համոզման մեթոդները, տարբերակել քարոզչությունն օբյեկտիվ տեղեկատվությունից և վերջապես՝ խուսափել լրատվամիջոցների բացասական ազդեցությունից: