Ինովացիա

«Տիեզերական զրույցներ» երեխաների համար՝ Team Telecom Armenia-ից ու STARMUS-ից

3 րոպեի ընթերցում

«Տիեզերական զրույցներ» երեխաների համար՝ Team Telecom Armenia-ից ու STARMUS-ից

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: STARMUS փառատոնին ընդառաջ Team Telecom Armenia-ն Պլանետարիում Երևանում անցկացրեց «Տիեզերական զրույցներ» միջոցառումը՝ հնարավորություն տալով դպրոցահասակ երեխաներին հանդիպելու աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրաելյանի հետ։

Կարևորելով փառատոնի հետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը նշեց.

«Մենք միացել ենք STARMUS-ին գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով Հաշվի առնելով, որ այս փառատոնի հիմնական մասնակիցները մեծահասակներն են՝ որոշեցինք կազմակերպել այնպիսի միջոցառում, որը կլինի հատուկ երեխաների համար և նրանց մոտ կառաջացնի հետաքրքրություն գիտության ու տիեզերքի հանդեպ»։

Միջոցառման ընթացքում 80-ից ավել երեխաներ լսեցին Գարիկ Իսրաելյանի «Կյանքը տիեզերքում» թեմայով ելույթը, տվեցին իրենց հետաքրքրող բոլոր հարցերն ու դիտեցին մեր Արեգակնային համակարգի, մոլորակների և արբանյակների մասին պատմող «Երկրագնդից տիեզերք» ֆիլմը։

Միջոցառման ավարտին «Տիեզերք» խմբի անդամներն անցկացրեցին մրցույթ, որի հաղթողները նվեր ստացան «ՄՏԿ: Մարդու տունը տիեզերքում» գիրքը։

«Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ երեխաներին աստղացուցարանում,

որովհետև դրանց շնորհիվ են նրանք հետագայում գալիս դեպի աստղագիտություն․ աստղերը ոգևորում են փոքրիկներին և առաջացնում հարցեր տալու ցանկություն, տիեզերքի վերաբերյալ հանելուկային առաջին զգացողություններ։Այո՛, Պլանետարիումի հայերեն համարժեքն Աստղացուցարանն է։ Սթարմուսն այդ առումով նման է աստղացուցարանի, մեր նպատակը նույնպես ոգեշնչելն է։ Կուզեմ, որ այստեղ երեխաները հաճախ լինեն, մասնակցեն նման միջոցառումների և տարվեն նորը բացահայտելու գաղափարով»,- ասաց Գարիկ Իսրաելյանը։

STARMUS VI-ը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի, Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, աստղաֆիզիկոս և լուսանկարիչ դոկտոր Բրայան Մեյի համերգները, STARMUS ճամբարը Ազատության հրապարակում, Աստղային լուսանկարչության դպրոցը և այլն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում