Տնտեսություն

ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում

3 րոպեի ընթերցում

ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական նիստին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՀԽ) 21-րդ նիստը կայացել է Բելառուսի Հանրապետության պետական հսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտի ղեկավարի նախագահությամբ։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի հարկային հետաքննության մարմինների ղեկավարները։ Քննարկվել են 2019-2023 թվականներին հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների ԱՊՀ միջպետական ծրագրի կատարման ընթացքը և ՀՀՄՀԽ ընթացիկ աշխատանքային ծրագրերը։ Կողմերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացրած գործունեությունը և կուտակած փորձը, այդ թվում՝ «Հարկային հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի իրագործումը, տնտեսական հանցագործությունների և իրավախախտումների նոր սխեմաների բացահայտման մասով փորձի փոխանակության ընթացքը։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նիստին ներկայացրել է վարչության կողմից 2021 թ․ իրականացված գործունեությունը։

Կողմերն անդրադարձել են բազմակողմ հետաքրքրություն առաջացնող հարցերին, մասնավորապես, 2020-2022 թթ․ ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի շրջանակում ձեռնարկված միջոցառումներին։ Քննարկել են նաև համացանցի և թվային վճարման միջոցների օգտագործմամբ իրականացվող տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների հակազդման պրակտիկային, դրամական միջոցների ապօրինի շրջանառությանը և ապօրինի խաղային բիզնեսի հակազդմանը վերաբերող հարցեր։

ՀՀՄՀԽ նիստի շրջանակում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաև Բելառուսի ֆինանսական հետաքննության մարմնի հիմնադրման 30-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Պատվիրակության ղեկավար, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը պարգևատրվել է Բելառուսի ֆինանսական հետաքննության մարմինների 30-ամյակին նվիրված հոբելյանական մեդալով։

Նախատեսվում է, որ ԱՊՀ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2023 թվականին Երևանում՝ ՀՀ ՊԵԿ նախագահությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում