Քաղաքականություն

ՀՀ ԱԳ և Ուրուգվայի ԱՀ փոխնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ և Ուրուգվայի ԱՀ փոխնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարությունում օգոստոսի 19-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Խորհրդակցություններն անցկացրել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Ուրուգվայի ԱՀ նախարարի տեղակալ Կառոլինա Աչեն։

Քննարկվել են երկկողմ պատմական բարեկամական հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հարցերը: Կարևորվել է հայ-ուրուգվայական պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական և գիտաշմակութային կապերի զարգացումը։

ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը տեղեկացրել է Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման մտադրության մասին, դրանով իսկ փոխադարձելով ուրուգվայական կողմի՝ դեռևս 2021թ. օգոստոսին կայացրած նույնօրինակ որոշմանը։ Այդ հանգամանքը գնահատվել է որպես հայ-ուրուգվայական բարեկամական կապերի ևս մեկ ցուցիչ։

Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը: Անդրադարձ է կտարվել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման նպատակով:

Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի ստորագրումը՝ հանձինս ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ՈՒԱՀ ԱՀ նախարարի տեղակալ Կառոլինա Աչեի:

Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալին ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնը։

Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել նաև ՈւԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռոդրիգո Ֆեռեսի հետ։ Քննարկվել են երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր։

Ուրուգվայ այցի ընթացքում Պարույր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում