Մշակույթ

Մեկնարկեց «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ին «Առնո Բաբաջանյան» դահլիճում կայացած համերգով մեկնարկեց «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։

Ունկնդրին ներկայացան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն ու դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։ Դաշնամուրի և ֆագոտի հետաքրքիր համադրմամբ երաժշտական երեկոների հաճախ չենք ականատես լինում Երևանում։ Փառատոնի բացման համերգի ընթացքում ներկայացվեցին Ալեքսանդր Թանսմանի, Պաուլ Հինդեմիթի, Կլոդ Դեբյուսիի, Հենրի Դյուտիյոյի, Անտոնիո Տոռիանիի ստեղծագործությունները։ Իսկ Անտոնիո Տոռիանիի Դիվերտիսմենտը, որ գրված է «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով, Հայաստանում հնչում էր առաջին անգամ։

Անահիտ Դիլբարյանը նշում է, որ Նիկոլայ Պողոսյանի հետ այս ձևաչափով համագործակցում է առաջին անգամ։ Դաշնակահարուհին ֆագոտի և կլառնետի հետ ունեցել է համագործակցություն, և այդ տրիո գործակցությունն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։ Խոսելով Տոռիանիի Դիվերտիսմենտի մասին, երաժիշտն ընդգծում է, որ այն շատ հետաքրքիր հնչողություն ունի։ Դաշնակահարուհին այս ստեղծագործությունը կատարում է առաջին անգամ և խոստովանում, որ իր համար շատ հետաքրքիր էր այդ գործն ուսումնասիրելը։

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), փառատոնի անցկացմանն աջակցում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳՄՍ-ն։ Համերգաշարը կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը: Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն նաև աշխարհահռչակ երաժիշտներ: Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում