Քաղաքականություն

Կոչ ենք անում լարվածությունը նվազեցնելու անհապաղ քայլեր ձեռնարկել. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը՝ ԼՂ-ի զարգացումների մասին

2 րոպեի ընթերցում

Կոչ ենք անում լարվածությունը նվազեցնելու անհապաղ քայլեր ձեռնարկել. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը՝ ԼՂ-ի զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման առնչությամբ, կոչ է արել կողմերին քայլեր ձեռնարկել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Նա մասնավորապես նշել է՝ խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում ապրողների անվտանգության համար՝ այդ տարածքում վերսկսված մարտերի մասին լուրերով պայմանավորված:

«Մենք չենք ցանկանում վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը տեսանք 2020 թվականին: Եվ կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար»,-ընդգծել է դեսպանը:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում