5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է Եվրոպական համալսարանական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հիշեցնելով, որ Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացված Եվրոպական համալսարանական 6-րդխաղերում Հայաստանը 1ոսկե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել:
Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել էր Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող ԴավիթՄակյանը՝ կարատե մարզաձևի կումիտե մրցակարգի մինչև 75 կգ քաշային կարգում դառնալով ոսկե մեդալակիր։ Հայաստանիֆիզիկական կուլտուրայիև սպորտիպետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանն էլ երրորդ տեղն էր զբաղեցրել և բրոնզե մեդալ էր նվաճել պարա սեղանի թենիս մարզաձևում:
Բացի մեդալակիր մարզիկներից՝ հանդիպմանը ներկա են եղել նաև նրանց անձնական մարզիչները՝ Արման Մակյանն ու Մեսրոպ Ղուկասյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին բարձր արդյունքների կապակցությամբ՝ նրանց մաղթելով հետագա հաջողություններ.
«Շնորհակալ եմ լավ մասնակցության համար: Շնորհավորում եմ: Պետք է փորձենք հաջորդ խաղերի համար ավելի մեծ պատվիրակություն ուղարկել, և այս մրցումները ևս ներառել մեր օրացուցային պլանում: Գիտեմ, որ Հայաստանին է վստահվել 2025 թվականի Եվրոպայի շախմատի համալսարանական առաջնության անցկացումը: Ամեն ինչ կանենք՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, իսկ մինչ այդ կապահովենք մեր թիմերի մասնակցությունը հաջորդ տարի կայանալիք Եվրոպական խաղերին»:
Եվրոպական համալսարանական խաղերի մասնակիցները փաստել են՝ մրցումներն անցկացվել են շատ բարձր մակարդակով:
«Իսկապես շատ մեծամասշտաբ և լուրջ մրցումներ էին: Մեզ համար էլ էր ինչ-որ առումով անսպասելի: Ամեն դեպքում, 6 մարզիկով 2 մեդալ նվաճեցինք, ինչը, կարծում եմ՝ լավ արդյունք է»,- ասել է Դավիթ Մակյանի անձնական մարզիչ Արման Մակյանը:
Եվրոպական համալսարանական խաղերի ոսկե մեդալակիր Դավիթ Մակյանը 5 տարեկանից զբաղվում է սպորտով, Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր է, Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում ևս մասնակցել է Եվրոպայի առաջնության և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Այդուհանդերձ, ուսանողական մակարդակում սա նրա առաջին մրցումն էր:
«Խաղերին մասնակցում էին տարբեր երկրների ազգային հավաքականների մարզիկներ, որոնց հետ մրցակցել էինք Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների ժամանակ: Անցկացրել եմ 5 բավականին բարդ մենամարտեր: Ուրախ եմ, որ կարողացա հաղթող դառնալ և ցույց տալ այն ամբողջ աշխատանքի արդյունքը, որ մինչ այս կատարել էի»,- նշում է Դավիթ Մակյանը:
Մակյանը ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանող է, ասում է, որ մեծ ցանկության դեպքում միանգամայն իրատեսական է ուսումն ու սպորտը համատեղելը. «Ամեն ինչ հնարավոր է, պարզապես ցանկություն է պետք: Բժշկական կրթությունն էլ հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու քո օրգանիզմը և գիտականորեն պարապելու»:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանը ևս առաջին անգամ է համալսարանական նմանօրինակ մեծամասշտաբ մրցման մասնակցել:
«Շատ տպավորված եմ ինչպես իմ առաջին մասնակցության, այնպես էլ եվրոպական մրցասպարեզում առաջին մեդալը նվաճելու կապակցությամբ: Շատ ուրախ եմ: 5 խաղ անցկացրեցի, տարա 3 հաղթանակ ու կրեցի 2 պարտություն: Կարող էի նաև առաջին կամ երկրորդ տեղերին հավակնել, բայց մի փոքր լարված էի, ու դա ինձ խանգարեց»,- պատմում է Գևորգ Բեգլարյանը:
Գևորգ Բեգլարյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, Հայաստանի պարա սեղանի թենիսի հավաքականի անդամ, 2018 թվականի Եվրոպայի առաջնությանն էլ զբաղեցրել է 8-րդ տեղը:
Եվրոպական համալսարանական խաղերին այս տարի 38 եվրոպական երկրների 450 համալսարանների 5000 պատվիրակներ են մասնակցել, իսկ մրցումներն անցկացվել են 20 մարզաձևերից: