Քաղաքականություն

Ակնկալում ենք, որ ԼՂ-ում շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Ակնկալում ենք, որ ԼՂ-ում շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախում վերջին օրերին առկա լարված իրավիճակին:

«Գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր: Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը: Հենց այդ տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց այն մասին, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի ստորագրությունը բավարար է այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար:

«Եթե ոչ, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատ օժտելու ուղղությամբ: Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են 2020 թվականի նոյեմբերից, ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծեմների հասնելու համար ու հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել և եռապատկել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: 19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում