Տնտեսություն

Մեղրիի մաքսակետի արդիականացումը և ԱՏԳ կենտրոնի հիմնումը փոխլրացնելու են միմյանց.ՊԵԿ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի հետ

2 րոպեի ընթերցում

Մեղրիի մաքսակետի արդիականացումը և ԱՏԳ կենտրոնի հիմնումը փոխլրացնելու են միմյանց.ՊԵԿ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օգոստոսի 3-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից, կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից և անդրադարձել համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերին ու միջոցառումներին։ Հանդիպմանը քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի ընթացքը և կարևորվել ծրագրի գնման գործընթացի փուլի ավարտը։ Կողմերը հույս են հայտնել, որ շինարարական աշխատանքների բուն գործընթացը կմեկնարկի սեպտեմբերին:

ՊԵԿ նախագահը և ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել են նաև ԵՄ ներդրումային պլանի ներքո Սյունիքի մարզում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնի և մաքսային լաբորատորիայի կառուցմանն ուղղված` ՎԶԵԲ միջոցով ֆինանսավորման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը հատկապես կարևորել է տնտեսվարողներին մեկ վայրում մաքսային վարչարարության ամբողջ ծառայությունների տրամադրման գործընթացը և փաստել, որ նշված երկու ծրագրերը՝ Մեղրիի մաքսակետի արդիականացումը և ԱՏԳ կենտրոնի հիմնումը, կփոխլրացնեն միմյանց՝ նոր ու բարձր որակ հաղորդելով մաքսային վարչարարության իրականացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում