Տնտեսություն

Օդային ճանապարհով փորձ է արվել հանրապետություն ներմուծել չգրանցված դեղորայք. ՊԵԿ բացահայտումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը չգրանցված դեղերի և դեղագործական արտադրանքի՝ Հայաստանի սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում հայտնաբերել և կանխել են ՀՀ-ում չգրանցված տարբեր տեսակի դեղամիջոցների անօրինական ներմուծումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Թուրքիայից Հայաստան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ։ Իրականացված հսկողության արդյունքում վերջիններիս պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել է լատինատառ գրառումներով տարբեր տեսակի չգրանցված դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր, իսկ վերոնշյալ քաղաքացիների անձնական զննման արդյունքում՝ բաճկոնների ներքին գրպաններից, հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված օնկոլոգիական դեղեր:

Նշված դեպքերով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ և 203-րդ հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Հայերեն