Ցավոք, ԵԱՀԿ ԽՎ-ն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է միայն Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա. Աղաջանյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ներկայացված զեկույցներում հայկական պատվիրակությունը 3 փոփոխություն է նախաձեռնել, որոնք վերաբերել են նաև գերիների առկախված խնդրին, մշակութային ժառանգության պահպանմանը, սակայն դրանք չեն ընդունվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությանը նվիրված ասուլիսում:

Աղաջանյանը նշեց, որ ձմեռային նստաշրջանի նիստի հենց առաջին օրը համընկել է Ուկրաինայի իրադարձությունների հետ; «Այդ պահից սկսած՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամբողջ ուշադրությունը սևեռված էր այս կոնֆլիկտի վրա: Գործնականում, անկեղծ ասած, շատ դժվար էր որևէ այլ հարցի վրա սևեռել խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը՝ այդ թվում, բնականաբար, նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա»,-ասաց պատվիրակության ղեկավարը՝ վստահեցնելով, որ իրենք, այնուամենայնիվ, ելույթներ են ունեցել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին, մանրամասն ներկայացրել այն խնդիրները, որոնք դեռևս առկա են և լուծման կարիք ունեն:

Նախքան ամառային նստաշրջանը հայկական պատվիրակությունից Էդուարդ Աղաջանյանն ու Մարիա Կարապետյանը նաև մեկնել են Լիտվա՝ հանդիպելու ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցողին՝ լիտվացի պատգամավորին, նրան ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում՝ կարևորելով, որ զեկույցի շրջանակում զեկուցողը մանրամասն տեղյակ լինի, թե տարածաշրջանում ինչ գործընթացներ են ընթանում, և, որ Հայաստանին վերաբերող հատվածը լինի առավել օբյեկտիվ:

«Մեր տպավորությամբ՝ հանդիպումը շատ կարևոր և բովանդակալից էր: Կարծում ենք, որ, եթե չլիներ այդ հանդիպումը, թերևս նրա մոտ շատ ավելի կիսատ կլինեին մեր տարածաշրջանում տեղի ունեցածի վերաբերյալ պատկերացումներն»,-ասաց Աղաջանյանը:

Ամառային, ամփոփիչ նստաշրջանում, որի շրջանակում հաստատվում է տարեկան զեկույցը, հայկական կողմը նախաձեռնել էր երեք փոփոխություն, որոնցից 2-ը պետք է տեղ գտնեին քաղաքական հարցերով զեկույցում, մեկը՝ մարդու իրավունքների հարցերով զեկույցում:

«Սրանք վերաբերում էին տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, այն կոնֆլիկտին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր գործնականում շարունակվում է, և կան առկախված հարցեր, որոնք չենք լուծվում: Այս փոփոխությունները նպատակ ունեին միջազգային հանրության և ԵԱՀԿ ԽՎ-ի ուշադրությունը սևեռելու այն առկախված խնդիրներին, որոնք մինչև հիմա լուծված չեն»,-ներկայացրեց Աղաջանյանը:

Նախքան օրակարգ մտնելը փոփոխությունները պետք է նվազագույն թվով ստորագրություններ հավաքեն տարբեր պատվիրակությունների անդամների կողմից: Պատվիրակության ղեկավարի վստահեցմամբ՝ իրենց փոփոխությունները սկզբնական շրջանում ունեցել են առավելագույն թվով աջակցություն տարբեր պատվիրակների կողմից:

«Դրանք վերաբերում էին հիմնավորապես գերիների առկախված խնդրին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև օրս լուծված չէ, չնայած դրան վերաբերող դրույթ կա հենց եռակողմ հայտարարության մեջ: Բազմիցս դրան անդրադարձել են միջազգային տարբեր կազմակերպություններ: Որևէ պատճառ, թե ինչու պետք է ԵԱՀԿ ԽՎ-ն հրաժարվեր այդ թեմային անդրադառնալ, մենք չենք տեսնում: Հաջորդ հարցը վերաբերել է մշակութային ժառանգության պահպանմանը, մյուսը՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և դրա կարևորությանը»,-ասաց Աղաջանյանը:

Հայկական պատվիրակությունն ընդգծել է նաև Արցախի հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում լուծելու կարևորությունը: Պատվիրակության ղեկավարը վստահեցնում է, որ առաջարկած փոփոխություններում բոլոր հիմնավորումներն առկա էին: Սակայն երեք փոփոխություններից ոչ մեկը փոքր ձայների տարբերությամբ չեն ընդունվել:

Երկու հանձնաժողովների զեկուցողները քվեարկությունից առաջ հստակ դիրքորշում են հայտնել՝ անփոփոխ թողնելու տեքստը: Եվ տվյալ հարցերով զեկուցողի դիրքորոշումը որոշիչ է լինում:

«Մեր գնահատականը մենք հնչեցրել ենք հենց ԽՎ-ում, ես, մասնավորապես, ելույթ եմ ունեցել՝ դատապարտելով այդ որոշումը և բոլորի ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ, ցավոք, ԵԱՀԿ ԽՎ-ն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա: Եվ, ըստ էության, գործնական կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ ԵԱՀԿ տարածաշրջանում այս պահին հետաքրքիր չէ մեր գործընկերներին: Սա մեզ համար անընդունելի գործելակերպ է, դատապարտելի է: Եվ սրա մասին բարձրաձայնել ենք մենք: Սա, իհարկե, հարցեր է բարձրացնում մեզ համար, մենք դեռ պետք է վերլուծենք, թե ինչն է պատճառ հանդիսացել այս ամենի՝ հաշվի առնելով այդ թվում նաև այն գործողությունները, որ իրականացվել էինք նախքան տարեկան նստաշրջանը»,-ասաց Աղաջանյանը:

Նա ընդգծեց նաև, որ ադրբեջանական պատվիրակությունն, ըստ էության, որդեգրել է նույնաբովանդակ մեղադրանքների մարտավարություն: Եվ, ըստ Աղաջանյանի, նման մեղադրանքների հորձանուտում ԵԱՀԿ ԽՎ գործընկերների ընկալումները կարող են փոքր-ինչ խեղվել, և իրականությունը նման պայմաններում դժվար է ի հայտ բերել:

Հայերեն English Español Русский

«Նոր գիրք»-28/26. Աֆյան, Գեյման, Ռիդել, Պռուտկով

Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում

Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի

Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն. հետազոտության արդյունքները

Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ

Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters

Հայկական Gurus-ը մասնակցում է նոր դեղամիջոցների կլինիկական հետազոտություններին և պատրաստում ոլորտի մասնագետների

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ

Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT