ՊԵԿԻՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական հեղինակավոր China Daily պարբերականի միջազգային բաժնի թղթակից Յանգ Ռան դասական լրագրության և սոցիալական ցանցերի ապագան տեսնում է հավասարակշռված զարգացման մեջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի կազմակերպած ծրագրին մասնակցող լրագրողների համար հատուկ դասախոսությամբ հանդես եկավ China Daily պարբերականի միջազգային բաժնի թղթակից Յանգ Ռանը, ով անդրադարձավ չինական սոցհարթակներին` առանձնացնելով, որ չինական սոցիալական պլատֆորմները երկու հիմնական ուղղվածություն ունեն. դրանք զվարճանքի և զարգացման միջոց են:
Չինական սոցհարթակների հիմնական ուղղություններից են մշակութային առանձնահատությունները և արդիական թրենդները: Հենց սոցիալական հարթակներն հիմնականում փոխանցում հասարակական կարծիքն այս կամ այն հարցի վերաբերյալ:
«Այժմ ավանդական լրատվամիջոցները կանգնած են լուրջ խնդրի առաջ` ինչպես պահպանել հավասարակշռությունը դասական լրատվության և սոցիալական հարթակների միջև: Դասական լրատվության և սոցցանցերի ապագան երկուսի համատեղ, հավասարակշռված զարգացման մեջ է»,-ասաց Յանգ Ռանը:
Չինական ինֆորմացիոն կենտրոնի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Չինաստանում 2021 թվականի դրությամբ համացանցին միացած է 1,32 միլիարդ մարդ: Համացանցից օգտվողների 90,5 տոկոսը հիմնականում օգտվում են սոցիալական այն հարթակներից, որտեղ հրապարակվում են կարճ տեսանյութեր:
Այժմ Չինաստանում առավել մասսայական են ժամանցային համարվող սոցիալական հարթակները. դրանք գերազանցում են չինական Wechat-ին, որը մեծ տարածում ունի երկրում:
Wechat-ը ոչ միայն սոցիալական հարթակ է հաղորդագրություններ փոխանակելու համար , այլ նաև ծառայում է դրամական վճարումների, այլ ծրագրերի համար:
Չինաստանում գործում են նաև Youtube-ի, Twitter-ի, Facebook-ի չինական տարբերակաները:
Վարվառա Հայրապետյան