Դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը. Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանեցյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ. ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»,-նշել է Վանեցյանը:

Նա նաև հայտնել է, որ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ «Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման»,-ընդգծել է Վանեցյանը:

Նա շնորհակալություն է հայտնել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։

Վանեցյանը միաժամանակ վստահեցրել է, որ իր՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես իրենց ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած անկուսակցական անձանց համար՝ընդգծելով, որ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի։

Վանեցյանը շեշտել է, որ 2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու և արդյունքում պատգամավորական մանդատ վերցնելու շարժառիթները շատ հստակ էին։

«Ես մշտապես հայտարարել եմ, որ մենք ամեն ջանք գործադրելու ենք՝ մեր երկրին համերաշխություն բերելու, անվտանգ Հայաստան և Արցախ ունենալու և մեր քաղաքացիների կյանքի որակն էապես բարձրացնելու համար»,-նշել է նա:

Վանեցյանը հավելել է՝ այդ ամենին, ինչպես նաև իր՝ պատգամավորական այս տասնմեկ ամիսների գործունեությանը անդրադառնալու ժամանակ դեռ կլինի՝ վստահեցնելով, որ պատգամավորական մանդատն իր համար երբեք ինքնանպատակ չի եղել:

«Այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս ինձ համար կիրառելի չէ։ Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ՝ այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»-եզրափակել է նա:

Հայերեն English Español Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում