Անկախ գումարի չափից՝ նոտարական գրասենյակների, առողջապահական, կրթական հաստատությունների վճարումները կլինեն անկանխիկ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որից հետո մի շարք գործարքներ պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են:

«Օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերի հետ կապված աշխատանքներն ավարտված են: Տնտեսավարող սուբյեկտների անկանխիկ վճարումների ընդունման տեսանկյունից պետական կառավարման մարմինների, բիզնեսների, ֆինանսական կազմակերպությունների կողմից նախապատրաստվել են տերմինալների սերտիֆիկացման նախնական աշխատանքները: Ըստ էության, ֆինանսական կազմակերպություններն այսօր պատրաստ են ակտիվացնել ՀԴՄ սարքերի վրա քարտերով վճարումների ընդունման գործառույթը: Դա չի նշանակում, որ բոլորը պարտադիր պետք է ՀԴՄ-ներով վճարումներն ընդունեն, առանձին պոստտերմինալներ նույնպես կարող են տեղադրել, պարզապես բավական մատչելի է ՀԴՄ սարքերն ակտիվացնելը»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը տեղեկացրեց, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը տարածվելու է մի շարք գործարքների վրա: 300 հազար դրամից ավելի բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:

«Այս սահմանաչափի հետ կապված բացառություն են կազմելու գրավատները: Նախատեսվում է, որ հուլիսի 1-ից գրավատները վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ ձևով, եթե գումարը գերազանցի 80 հազար դրամը: 2023 թվականի հունվարի 1-ին այդ ցուցանիշը կդառնա 50 հազար դրամ և 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար դրամ»,-ասաց Երանուհի Թումանյանցը:

Լրացնելով գործընկերոջ ասածը՝ Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ գրավատներից բացի վարկատու կազմակերպությունները բացառապես անկանխիկ են վարկ տրամադրում, սակայն վարկերի մարումները կարող են լինել կանխիկ:

Հովհաննես Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ կան ոլորտներ, որտեղ անկանխիկ եղանակի համար ավելի ցածր գումարային չափ է սահմանված: Օրինակ՝ անկախ գումարի չափից անկանխիկ պետք է լինեն նոտարական գրասենյակներին, առողջապահական, կրթական հաստատություններին ուղղված վճարումները: Այստեղ զրո սահմանաչափ է գործում, բոլոր վճարումները պետք է լինեն անկանխիկ:

«Միայն հիվանդանոցների պարագայում այս նորմը հուլիսի 1-ից Երևանում է ուժի մեջ մտնում, այնուհետև մեկ տարի հետո կներգրավվեն մարզկենտրոնները: Երկու տարի հետո՝ հանրապետության բոլոր առողջապահական հաստատությունները: Ասեմ, որ ամեն դեպքում օրենքը սահմանում է քաղաքացու անկանխիկ վճարելու իրավունք: Եթե քաղաքացին անկախ գումարի չափից ցանկանում է վճարել անկանխիկ, ապա պարտադիր պետք է բոլորը ընկերությունները, տնտեսվարողներն ունենան պոստտերմինալներ»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը:

Արդյո՞ք այս փոփոխությունները քաղաքացիների, սպառողների համար հավելյալ ֆինանսական բեռ են ենթադրում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշեց, որ նման բան չկա:

«Քաղաքացիների մոտ կա թյուրընկալում, որ եթե քարտով վճարում կատարեն, ապա միջնորդավճար է գանձվելու: Նման կարգավորում չկա, ավելին՝ շատ բանկեր առաջարկում են որոշակի չափով գումարի վերադարձ, եթե վճարումները կատարվում են անկանխիկ: Հետևաբար, քաղաքացու վրա չի դրվում որևէ ֆինանսական բեռ»,- ասաց Երանուհի Թումանյանցը:

Պատասխանատու կառույցների ներկայացուցիչները նշեցին, որ կառավարության կողմից որդեգրած թվային կառավարման քաղաքականության մի կարևոր բաղադրիչն անկանխիկ վճարումներն են: «Դուք չեք կարող ցույց տալ մի զարգացած երկիր, որտեղ մեր չափ կանխիկ շրջանառություն կա: Այս փոփոխությունները վերաբերում են և՛ հարկային թափանցիկությանը, և՛ գործարքների օրինականությանը»,- հավելեց Հովհաննես Խաչատրյանը:

Հայերեն

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ