Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը աշխատանքներ է տանում օնլայն տաքսի ծառայությունների ոլորտում կարգավորումներ սահմանելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Գևորգյանը նշեց, որ նախատեսվում է մշակել ուղեցույց, որը կսահմանի մի քանի կարևոր կետեր․ առցանց հարթակի գործակցի առավելագույն չափը, գնային գործակցի փոփոխությունների թույլատրելի չափը՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա, հարթակի, միջնորդի և տաքսու վարորդի եկամուտների բաժանման հստակ մեխանիզմ։
«Ներկայում առցանց հարթակների կողմից ստացվող մարժան կազմում է 13-15 տոկոս, միջնորդի բաժինը՝ 5 տոկոս, իսկ մնացածը բաժին է հասնում վարորդներին»,- ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է սպառողներին հնարավորություն տալ տեսնել վերջնական գինը, գնային փոփոխությունների մանրամասները, օգտագործվող մեքենայի տեսակը կամ կատեգորիան, գնային փոփոխությունների պատճառները՝ օրինակ, եղանակային պայմանները կամ հատուկ միջոցառումների ժամանակ տրանսպորտային պահանջարկի աճը։
«Այսինքն՝ 300 հազար մարդ կկարողանա հանգիստ իմանալ իր տնից աշխատանքի տեղ, որ ամեն օր նույն ճանապարհն է անցնում, տարբեր ժամերին ամենաշատ գործակցի տարբերությունը ինչքան կարող է լինել։ Օրինակ՝ պայմանական երկու անգամից ոչ ավել»,- եզրափակեց Գևորգյանը։