Հայաստանում նախատեսվում է 4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը նվազեցնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորները փոփոխություններ են կատարել օրենսգրքի այն հոդվածում, որը նախատեսում է պատասխանատվություն առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ: Հոդվածի առաջին մասում նախատեսված է, որ, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա յուրաքանչյուր 10 օրվա համար պետք է տուգանվի 5000 դրամի չափով, բայց ոչ ավել, քան տարվա մեջ 100 հազար դրամը:

«Այսինքն` ոստիկանությունը պարտավոր է յուրաքանչյուր 10 օրը մեկ այն տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր, կայացնել վարչական տույժ նշանակելու մասին որոշում՝ 5000 դրամի չափով և ուղարկի հասցեատիրոջը՝ տարվա մեջ ոչ ավել, քան 20 անգամ: Հոդվածի 2-րդ մասով 100 հազար դրամ տուգանք է սահմանվում այն վարորդի նկատմամբ, որը վարում է տրանսպորտային միջոցն առանց ԱՊՊԱ պայմանագրի: Վերլուծելով կառավարության քաղաքականությունն այս ոլորտում՝ մենք գտնում ենք, որ նշանակված 100 հազար դրամ տուգանքները խիստ անհամաչափ են արարքի վտանգավորության բնույթին և աստիճանին: 100 հազար դրամ տուգանքն այսօր բավականին ծանր սոցիալական բեռ է»,-ասաց Խաչատրյանը:

Նա նկատեց, որ, օրինակ, առանց տեխզննության տրանսպորտային միջոցը վարելը, որը նույնպես վտանգավոր իրավախախտում է, հնարավոր է, որ մեքենան անսարքություններ ունենա, տուգանվում է 20 հազար դրամի չափով, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու, որի դեպքում երթևեկությանը վտանգը չի սպառնում, տուգանքը 5 անգամ ավել է:

«Նախագծով սահմանվում է, որ ԱՊՊԱ չարած տրանսպորտային միջոցի սեփականատերերի նկատմամբ տարեկան վարչական արձանագրություններով նշանակված տույժերի չափը չպետք է գերազանցի 50 հազար դրամը՝ այսօրվա 100 հազար դրամի փոխարեն: Եվ ամենակարևոր փոփոխությունը՝ 100 հազար դրամ տուգանք նշանակելու դեպքում անձն ազատվում է այդ տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, եթե 24 ժամվա մեջ վերացնում է իրավախախտման հատկանիշները, այսինքն, եթե անձը արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր, ապա վճարում է սահմանված 100 հազար դրամ տուգանքի ընդամենը 25 տոկոսը»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ պատգամավորի՝ սրանով հնարավորություն են տալիս այն գումարը, որը կնախատեսեն տուգանքի համար, ուղղել ԱՊՊԱ պայմանագիր կքնելուն: Այս նախագծով 4 անգամ նվազեցնում են տուգանքի չափը:

Հայերեն

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ