Հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպմանը կողմերը հստակեցրել են մոտեցումները սահմանային և այլ հսկողության հարցերի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հունիսի 3-ին կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերովեռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Կողմերը քննարկել և hստակեցրել են իրենց մոտեցումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներով` ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր երթուղիների շուրջ։

Կողմերը կշարունակեն աշխատանքը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։

Հայերեն English Español Français Русский