Մշակույթ

«Զանգակ» հրատարակչությունն ընթերցողներին ներկայացրեց «Հարրի Փոթեր» վիպաշարի հինգերորդ հատորը

2 րոպեի ընթերցում

«Զանգակ» հրատարակչությունն ընթերցողներին ներկայացրեց «Հարրի Փոթեր» վիպաշարի հինգերորդ հատորը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զանգակ» հրատարակչությունը տոն է նվիրել Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» վիպաշարի երկրպագուներին՝ լույս ընծայելով հինգերորդ՝ «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» հատորը:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի մեկին՝ Մանկական գրքի փառատոնի շրջանակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրքի խմբագիր Նարինե Ղուկասյանն ասաց՝ հինգերորդ հատորը բացահայտումներով լի է: «Նախորդ հատորներում կան դրվագներ, որոնք կարդալիս ընթերցողի մոտ բազմաթիվ հարցեր են ծնվում: Հարց էր ծագում, թե ինչու Հարրի Փոթերին հանձնեցին մորաքրոջ խնամքին, այլ ոչ թե կախարդների որևէ ընտանիքի, որը կարող էր ավելի լավ վերաբերվել Հարրիին: Հարցի պատասխանը շատ փոթերասերներ գիտեն, իսկ ովքեր չգիտեն, կարող են իմանալ այս հատորում: Գիրքը ծավալով շատ մեծ է, սակայն արագ է ընթերցվում»,-նշում է խմբագիրը:

Գրքի ամեն դրվագ ընթերցելիս Նարինե Ղուկասյանը շունչը պահել է, փորձել է հասկանալ, թե ինչ կլինի հետո: Խոստովանում է, որ եղել են իրավիճակներ, երբ ցանկացել է խմբագրել Ռոուլինգի տեքստը՝ չհամաձայնվելով այս կամ այն լուծման հետ:

«Փոթերի գրքերով Ռոուլինգը հետաքրքիր աշխարհ է բացահայտում: Նա ունի յուրահատուկ գրելաոճ, որը թույլ է տալիս խորասուզվել պատմության մեջ»,-շեշտում է Ղուկասյանը:

Հինգերորդ հատորում Հարրի Փոթերն արդեն 15 տարեկան է: Ողջ ամառ նա մնում է մորաքրոջ տանը՝ մեկուսացած կախարդ հանրությունից և բոլորովին անտեղյակ կատարվող վերջին իրադարձություններին: Անգամ լավագույն ընկերները՝ Ռոնն ու Հերմայոնին, նրան չեն գրում: Դրզլիների ընտանիքը գնալով անտանելի է դառնում: Հարրիին համակում է վրդովմունք ու զայրույթ. նա պատրաստ է ընդվզելու՝ իմանալով, որ լորդ Վոլդեմորդը վերադարձել է և հարձակման ծրագրեր է մշակում: Վհուկության և կախարդության դպրոցում, որտեղ Հարրին է սովորում, արմատական փոփոխություններ են սպասվում: Մոգության նախարարությունը որոշում է Դամբլդորին մարտահրավեր նետել՝ Հոգվորթս որպես ավագ տեսուչ գործուղելով դաժան ու նեղմիտ մի անձնավորության:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում