Նոր թվային քարտեզ՝ 24 ժամում. ավարտվել է Synergy Hackathon 2022-ը
4 րոպեի ընթերցում
![Նոր թվային քարտեզ՝ 24 ժամում. ավարտվել է Synergy Hackathon 2022-ը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/05/1084692.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձայնային օգնական, խելացի տան համակարգեր, աշխատակիցների ինտենսիվ շփումն ապահովող հարթակ. այս բոլոր գաղափարներն իրականացել են 24 ժամում:
Երևանում կայացել է Synergy Hackathon 2022 նորարար գաղափարների մրցույթը: Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Synergy-ի ԴՆԹ-ի թվային քարտեզը ստեղծած թիմը, երկրորդ հորիզոնականում է p2p մեխանիզմով տվյալների զուգահեռ մուտքագրման համակարգը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է ձայնային օգնական ստեղծող թիմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն տարիներ շարունակ նորարար գաղափարների մրցույթը միավորում է Synergy-ի նորարարներին 24-ժամյա մեծ տոն-մրցույթի շուրջ։
Hackathon 2022-ին 130-ից ավելի մասնակից 11 թիմում 24 ժամ աշխատեց՝ փորձելով ծրագրավորման մրցույթին ստեղծել թվային ու նորարար լուծումներ:
Նախորդ տարիներին ստեղծված տեխնոլոգիաներից շատերն այսօր օգտագործվում են Synergy Armenia-ում․ «Այս մրցույթին ստեղծված գաղափարներից շատերն ունեին բարձր արժեք բիզնեսի տեսանկյունից, ուստի հաղթողներին ընտրելն էլ բավականին դժվար էր: Մեր ընկերությունը բավականին մեծ է. ունենք մասնաճյուղեր Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, և բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներին միավորելու, նրանց ստեղծագործելու ազատություն տալու տեսանկյունից շատ ենք կարևորում միջոցառումը և ամեն տարի մեծ մասշտաբով իրականացնում ենք»,-նշեց Synergy-ի հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը:
Ընկերության տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց ստեղծած ձայնային օգնականի գաղափարի շուրջ միավորված թիմն ընդամենը մեկ գիշերում կարողացել է ստեղծել օնլայն օգնական, որը գտնում, ամրագրում է ազատ սրահները բիզնես հանդիպումների համար, գտնում է նաև ազատ տեղեր կայանատեղիում.
«Տեխնոլոգիական այս լուծումները գտնելու ու արդեն գոյություն ունեցող ինֆորմացիան մեկտեղելու համար, բնականաբար, 24 ժամը քիչ էր, բայց մեզ համար կարևորն արդյունքն է, ուստի շարունակելու ենք ավելի «խելացի» դարձնել մեր ձայնային օգնականին»,- ասա նա:
Իսկ առաջին հորիզոնականը գրաված գաղափարի հեղինակը՝ համակարգի ինժեներ Հայկ Ժամհարյանը նշեց, որ իրենց մոտիվացրել են հատկապես ընկերության 25-ամյա հաջողությունները:
«Գուցե անձամբ իմ ներդրումը մեր հաջողություններում ընդամենը 0,1 տոկոսն է կազմում, բայց մենք ուզում էինք թվային քարտեզի միջոցով ցույց տալ, թե ինչպես է այս տարիների ընթացքում ընկերությունն աշխարհի 80-ից ավելի երկրում բարիքին ուղղված ծրագրեր ստեղծել պետությունների համար՝ փոխելով մարդկանց կյանքը դեպի լավը: Մեր 13 հոգանոց թիմին շատերն էին ուզում միանալ, շատերը նույնիսկ մյուս թիմերից օգնում էին մեզ՝ հանուն ընդհանուր գաղափարի: Նշանակում է՝ Սիներջիի հաջողության համար բոլորն են պատրաստ միանալ»,- նշեց Ժամհարյանը:
Գաղափարները գնահատող ժյուրիի անդամներն են Synergy-ի հիմնադիր տնօրեն (CEO) Աշոտ Հովհաննիսյանը, գործադիր փոխնախագահ (Executive Vice President) Արթուր Հովհաննիսյանը, ինժեներիայի գծով մենեջեր (Engineering Manager) Երեմ Գևորգյանը և նախագծի ղեկավար (Project Manager) Հովհաննես Աղաջանյանը:
Գաղափարները գնահատվել են ըստ նորարարության ու կրեատիվության, իրագործման կատարելության և բիզնես արժեքի: Հաղթողները ստացել են թիմային հանգստի փաթեթներ: