Հայ ժամանակակից գրող Գրիգը «Հիսուսի կատուն» գրքի համար արժանացել է Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակին
1 րոպեի ընթերցում
![Հայ ժամանակակից գրող Գրիգը «Հիսուսի կատուն» գրքի համար արժանացել է Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/05/1084571.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժամանակակից գրող Գրիգը (Գրիգոր Շաշիկյանը) իր «Հիսուսի կատուն» գրքի համար գերմանական Քոբուրգ քաղաքի Էրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում արժանացել է գերմանացի բանաստեղծ, լեզվաբան և թարգմանիչ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցանակ են ստացել նաև գրքի թարգմանիչները՝ Անահիտ Ավագյանը և Վիբկե Ցոլմանը:
Միջոցառման ընթացքում Քոբուրգի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային քառյակի կատարմամբ հնչել է հայկական երաժշտություն:
Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել Քոբուրգի երկրորդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը, Ֆրիդրիխ Ռյուկերտի ժառանգը՝ Կլաուս Ռյուկերտը, և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
Մրցանակաբաշխությունից առաջ Գրիգը հյուրընկալվել է Ռյուկերտի տուն-թանգարանում և թանգարանին հանձնել Ռյուկերտի՝ Հովհաննես Թումանյանի կողմից թարգմանված «Մի երգ կա մանկուց…» բանաստեղծության ձեռագրի պատճենը, որը տրամադրել է Հովհաննես Թումանյանի թանգարանը:
2021 թվականին Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունը ընդգրկվել էր գերմանական Hotlist անկախ հրատարակիչների մրցույթի տարվա լավագույն տասը գրքերի շարքում: