ԳՅՈՒՄՐԻ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 13 աղջիկ-շրջանավարտների մայիսի 23-ին շնորհվեց առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կոչումը շնորհվել է գերազանց առաջադիմություն ցուցաբերելու, պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպած միջոցառումներին մասնակցելու համար։
«Ինձ համար այնքան ոգևորիչ է, որ այսօր հատկապես իգական սեռի ներկայացուցիչներն են կոչում ստանում։ Ես տեսնում եմ ձեր կրակոտ աչքերը և լիահույս եմ, որ նույն ոգևորությամբ ծառայելու եք հայրենիքին և մեր սերունդների կրթման ու դաստիարակման հարցում դուք ձեր ավանդը կունենաք։ Առաջին քայլերն եք անում և ուրախալին այն է, որ ի դեմս ձեզ՝ ունենանք շատ լավ երիտասարդություն, և սա նշանակում է, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Ձեզ բարի ընթացք, բարի ծառայություն»,-շնորհավորելով ՀՀ զինված ուժերի սպաներին՝ նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Շրջանավարտներին սպայական ուսադիրների հանձման հանդիսավոր արարողության մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Շիրակի մարզային և քաղաքային իշխանությունների, ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, ՇՊՀ դասախոսներ։