Հասարակական

Ոչ Երևանը, ոչ որևէ կառույց պարալիզացված չեն. Ֆիդանյանը վստահեցնում է՝ Ոստիկանությունը հատուկ միջոց չի կիրառել

2 րոպեի ընթերցում

Ոչ Երևանը, ոչ որևէ կառույց պարալիզացված չեն. Ֆիդանյանը վստահեցնում է՝ Ոստիկանությունը հատուկ միջոց չի կիրառել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը վստահեցնում է, որ ընդդիմության ակցիաների համար Ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառել՝ բացառությամբ մեկ դեպքի. Երևանը և որևէ պետական կառույց պարալիզացված չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆիդանյանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե արդյոք Երևանը պարալիզացվա՞ծ է, ինչի մասին խոստացել, հորդորել էր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Բնականաբար, ոչ քաղաքը, ոչ որևէ պետական կառույց պարալիզացված չեն: Ոստիկանությունը հստակ իրականացնում է իր գործառույթները: Եվ պատվով պետք է նշեմ, որ մինչև օրս իրականացված բոլոր գործողությունները, դրանց զգալի մասն իրականացվել են օրենքի շրջանակներում»,- ասաց Ֆիդանյանը:

Նա ընդգծեց՝ արդեն մոտ 20 օր է, ինչ անհնազանդության գործողություններ են իրականացվում, սակայն վստահեցրեց, որ Ոստիկանության կողմից գեթ մեկ անգամ չի կիրառվել որևէ հատուկ միջոց՝ բացառությամբ մեկ դեպքի: «Այդ հատուկ միջոցներն էլ եղել են ընդամենը վահանները: Որևէ հատուկ միջոց Ոստիկանությունը չի կիրառել»,- ասաց ՀՀ փոխոստիկանապետը՝ անդրադառնալով տեսակետներին, թե Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում:

Հայաստանում ընդդիմադիրներն օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ են իրականացնում ՝ իշխանափոխության նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում