Հայաստանում աշնանը կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայնների ցանցը
1 րոպեի ընթերցում
![Հայաստանում աշնանը կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայնների ցանցը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/05/1083040.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը կգործարկի բենզալցակայանների ցանց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Հայաստանում արդեն աշնանը կգործարկվի Shell բենզալցակայանների ցանցը»,-ասաց Քերոբյանը:
Ըստ նախարարի՝ ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց բացել: Ծրագիրը կա դեռևս անցյալ տարվանից, հայկական կողմն իր հերթին փորձել է ամեն կերպ աջակցել, խնդիրների դեպքում օգնել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին Հաագայում Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում հանդիպել էր Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցած գործարարների թվում էր նաև Shell ընկերության ներկայացուցիչը: