Մարզերից մոտ 1000 երիտասարդ մասնակցել է թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և ՏՏ թեմայով համաժողովի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղեգնաձոր քաղաքում մայիսի 8-ին կայացել է թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և ՏՏ թեմայով «Ֆորմուլա Եղեգնաձոր» համաժողովը, որն ամփոփվել է պանելային քննարկումներով։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև մրցույթների մասնակցել և նվերներ ստանալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնֆերանսը միտված էր Վայոց Ձորի և հարակից մարզերի բնակիչներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասին արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելուն, ուղղորդելու մասնագիտական կողմնորոշման և աշխատանք գտնելու հարցում։

«Ֆորմուլա Եղեգնաձոր» թվային կոնֆերանսը կազմակերպվել էր TCF ընկերությունների խմբի հիմնադրման օրվա կապակցությամբ։ Ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյանն ընդգծել է, որ ընտրվել է Վայոց ձորի մարզը, քանի որ այն հեռու է մնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, հիմնականում այստեղ կազմակերպվում են գինեգործությանը նվիրված միջոցառումներ։

«Պոտենցիալը մեծ է, առաջին հերթին մեր նպատակն էր բերել մտածողության փոփոխություն, ցույց տալ, թե ինչպես մեր մարզաբնակ հայրենակիցները կարող են ստեղծել հաջողակ ընկերություններ՝ ապրելով իրենց համայնքներում։ Եթե ինտերնետին հասանելիություն ունի մարդը, նրա համար մեծ հնարավորություններ կան, միայն թե պետք է տեղեկացված լինեն ու աշխատեն իրենց գիտելիքներն ավելացնելու ուղղությամբ», - նշել է Նարեկ Վարդանյանը։

TCF ընկերությունների խումբը նման կոնֆերանս կազմակերպում է արդեն երկրորդ անգամ, անցած տարի այն կազմակերպվել էր Գորիսում, TCF ընկերությունների խմբի համահիմնադիր Մարիամ Համբարձումյանի խոսքով՝ շատ դրական արձագանք էր ստացվել, մեծ ոգևորություն կար, այդ պատճառով էլ որոշվել է ավանդույթ դարձնել կոնֆերանսի կազմակերպումը։

«Օրվա խորհուրդը փոխօգնությունն ու համագործակցությունն է: Կիսվելով մեր գիտելիքներով, փորձով և ռեսուրսներով՝ միասին կարող ենք նպաստել

մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ընդգծել է TCF ընկերությունների խմբի համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը։

Կոնֆերանսի թեմաները տարաբնույթ էին․ մասնակիցները կարող էին ստանալ գիտելիքներ թվային մարքեթինգի, օնլայն վաճառքների, դիզայնի կամ այլ առնչվող ոլորտներից։ Հաջողության հասած տարբեր ընկերությունների ղեկավարներ էլ ունեցան մոտիվացիոն ելույթներ՝ պատմելով իրենց անցած ճանապարհի և դժվարությունների մասին։ Եղավ երկու մեծ պանելային քննարկում ՝ «Ինչպես կայացնել բիզնես 0-ից և գրավել միջազգային շուկաներ» և «Ինչպես գտնել աշխատանք․ շուկայի պահանջները և տաղանդների ներգրավումը» թեմաներով։ Կոնֆերանսի ընթացքում Եղեգնաձորի ավագ դպրոցում բացվեց գրքասերների TCF անկյունը, այն նորոգվել է, կահավորվել և համալրվել գրքերով։ Դպրոցականների համար հասանելի են դարձել բիզնեսին, մարքեթինգին վերաբերող, նաև՝ կենսագրական գրքեր։

«Շատ լավ նախաձեռնություն է, մեծ ոգևորությամբ էինք սպասում։ Ուրախ եմ, որ բազմաբնույթ են գրքերը․ կան և՛ անվանի հայերի կենսագրական պատմություններ, և՛ բիզնեսին ու մարքեթինգին վերաբերող գրքեր։ Քանի որ դպրոցն ավագ է, և երեխաներն արդեն մոտավոր պատկերացում ունեն իրենց ապագա մասնագիտության մասին, այս գրադարանը հավելյալ օգնություն կլինի նրանց համար»,- նշել է Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Մարգարյանը։

Ֆորմուլա Եղեգնաձոր կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև մրցույթների մասնակցել, ստանալ նվերներ խոսնակներից։ Երիտասարդների շարունակական կրթությանն ու զարգացմանը նպաստող ծրագրերը մշտապես մնալու են TCF ընկերությունների խմբի ուշադրության կենտրոնում։

Հայերեն

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին