Հաղթանակի օրը Ռայխսթագի պատին կավիճով գրեցի անունս՝ «Գյումրի-Պետրոս»․ գնդապետ Պետրոսյանի հարցազրույցը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար հետախույզ գնդապետ Պետրոս Պետրոսյանը 19 տարեկան էր, երբ մեկնեց ռազմաճակատ պայքարելու նացիստական Գերմանիայի և ֆաշիզմի տարածման դեմ։ Պետրոսյանը այն ժամանակ 6-7 ամիս սովորում էր Թիֆլիսի հրետանային ուսումնարանում։ 1942 թվականին նրան ուղարկում են Մերձմոսկովյան շրջանի գյուղերից մեկը՝ Կուրսկյան Աղեղ, որտեղ երիտասարդ սպան իր առաջին մարտական մկրտությունն է ստանում։

«Այնտեղ առաջին անգամ վիրավորվել եմ:Ապաքինվելուց հետո համալրել ուկրաինական երրորդ բանակի շարքերը, որտեղից էլ սկսվել է իմ զինվորական առաջընթացը. եղել եմ վաշտի, այնուհետև մարտկոցի հրամանատար։ Հայրենական պատերազմի գրեթե ողջ ընթացքում մասնակցել եմ Ուկրաինայի ազատագրման մարտերին։ Իմ ներդրումն եմ ունեցել Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Պատերազմի ընթացքում երեք անգամ վիրավորվել եմ։ Հաղթանակը դիմավորել եմ Բեռլինում։ Հիշում եմ, երբ դեռ չգիտեինք, որ հաղթել ենք, զինվորներիցս մեկը վազելով մոտեցավ ինձ և ասաց՝ լեյտենանտ, մենք արդեն հաղթել ենք ու ուրախությունից արտասվեց։ Ռայխսթագի պատին կավիճով գրել եմ անունս ՝ «Գյումրի- Պետրոս» »,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիշում է պատերազմի 99-ամյա վետերանը։

Պատերազմի ավարտից հետո գնդապետ Պետրոսյանը դեռ մեկ տարի շարունակում է իր ծառայությունը Խորհրդային միության զինված ուժերում, սակայն օրերից մի օր գնդի գլխավոր շտաբի պետը կանչում է իր մոտ և ասում, որ ուսուցիչներին կարող են զորացրել, որպեսզի հնարավորություն ունենան դպրոցում դասավանդել։

«8-ից 10-րդ դասարաններում ես և սովորում էի, և ֆիզկուլտուրա էի դասավանդում։ Հոյակապ մարմնամարզիկ եմ եղել, սպորտի վարպետ։ Մտածեցի, որ շատ լավ է, կգնամ տուն և կշարունակեմ սովորել։ 15 օր անց վերադարձա Հայաստան և ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, այն նոր էր բացվել։ Ուզում էի դառնալ դիվանագետ։ Մինչև 4-րդ կուրս սովորելուց հետո ինձ հրավիրեցին Ազգային անվտանգության ծառայություն՝ աշխատելու իրենց մոտ։ Ես ընդունեցի առաջարկը՝ մի պայմանով, որ ամեն օր մինչև ժամը 1-ը պետք է լինեմ համալսարանում։ Պայմանս ընդունեցին, և այդպես ես զբաղվեցի ակտիվ հետախուզական գործունեությամբ։ Ինձ ասում էին «Չորս մայրցամաքների հետախույզ»։ Ինձ հաճախ հարցնում են՝ թե որ երկրներում եմ եղել, պատասխանում եմ, որ ավելի լավ է ասեմ, թե որ երկրներում չեմ եղել։ 58 տարի ծառայել եմ Ազգային անվտանգության ծառայությունում»,- ասաց գնդապետ Պետրոսյանը։

Պատերազմի վետերանը այսօր էլ իրեն լավ է զգում և գնահատված։

«Ազգային անվտանգության ծառայությունը միշտ ինձ լավ է նայում։ Ամեն տարի ինձ հրավիրում են և շնորհավորում, չեմ բողոքում»,- նշում է գնդապետ Պետրոսյանը։

Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար հետախույզ գնդապետ Պետրոս Պետրոսյանը ակտիվ հետախուզական գործունեություն է ծավալել Լիբանանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում` դիվանագիտական տարբեր աստիճաններով եւ ծածկերի տակ: Պետրոսյանը նպաստել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում «ոսկե կամրջի» ստեղծմանը եւ ամրապնդմանը։ Արժանացել է 40-ից ավելի մեդալների և շքանշանների։ Գնդապետ Պետրոսյանը նաև դասավանդել է ՀՀ ԱԱԾ բարձրագույն դասընթացներում` որպես ավագ դասախոս: 2014 թվականին լույս է տեսել գնդապետ Պետրոսյանի «Էջեր հետախույզի կյանքից» ինքնակենսագրական գիրքը։

Հայերեն

Ագաթանգեղոսի 7 հասցեում շարունակվում են բարեկարգման աշխատանքները․ տարածքը կվերածվի նոր հանրային գոտու

Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները

Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին

Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում

Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-10/07/26

Ասիական ինդեքսներ - 10/07/26

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու շուրջ քննարկումներին

Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters

Բուլղարիայի Կրայմորիե ձկնորսական նավահանգիստը կրկին արժանացել է «Կապույտ դրոշ» էկոլոգիական հավաստագրին․ BTA