Մշակույթ

Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա Չեխովի «Բալենու այգին»

2 րոպեի ընթերցում

Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա Չեխովի «Բալենու այգին»

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությունը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Առաջնախաղերը կկայանան մայիսի 7-ին և 8-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բալենու այգին» պիեսը՝ Չեխովի գլուխգործոցը, ստեղծվել է գրողի կյանքի վերջին տարում: Այն իրավամբ կարող է համարվել մեծ դրամատուրգի հրաժեշտի ուղերձը մարդկանց:

Չեխովի «Բալենու այգին» կատակերգության բոլոր հերոսները՝ կրքոտ, բարի, պարզամիտ, զվարճալի, առատաձեռն, արատավոր, տարօրինակ, առանց բացառության, ծնվել են սիրո մեջ: Նրանք զվարճալի են և հուզիչ: Նրանց աշխարհը փլուզվում է, իսկ վերահաս աղետին դեմ հանդիման նրանք ապրում են ագահաբար, ուրախ, հուսահատ. սիրում են, վիճում, արտասվում, տրվում խրախճանքի:

Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Աննա Մանուչարյանը, Յանա Թուրգունյանը, Թեհմինե Խաչատրյանը, Հռիփսիմե Նահապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Շահվերդյանը, Արմեն Մարգարյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Լև Նալբանդյանը, Լալիտա Բուկիան, Վազգեն Հովհաննիսյանը, Հայարփի Զուռնաչյանը, Մելսիդա Հակոբյանը, Վյաչեսլավ Շամիրյանը, Էրվին Ամիրյանը, Արթուր Պետրոսյանը, Անտոն Աղաջանյանը։

Ներկայացման բեմանկարիչը Կիրիլ Դանիլովն է (Մոսկվա), զգեստների նկարիչը` Յանինա Կրեմերը (Մոսկվա), խորեոգրաֆիան`Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի:

Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում