Հասարակական

ՀՀ-ն շարունակում է դրական պատկեր ապահովել հանցավորության մակարդակի ցուցիչով․ դատախազը տվյալներ ներկայացրեց

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն շարունակում է դրական պատկեր ապահովել հանցավորության մակարդակի ցուցիչով․ դատախազը տվյալներ ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի մարտի 3-ի դրությամբ worldpopulationreview.com կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով (ցուցիչը հաշվարկվում է 0-ից 100 ինդեքսով՝ հանցավորության ցածր մակարդակից դեպի բարձր մակարդակ կարգով – խմբ․) Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը (22.79 ինդեքսով)՝ առաջ անցնելով ինչպես ԱՊՀ բոլոր երկրներից, այնպես էլ եվրոպական երկրների մեծ մասից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։

Գլխավոր դատախազը նշեց, որ Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է հասնում 1020 հանցագործության դեպք։

«Պետք է նշել, որ այս ցուցանիշով մեր երկիրը շարունակում է էական դրական պատկեր ապահովել։ «Համաշխարհային բնակչության գնահատում» անկախ միջազգային կազմակերպության հրապարակված տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը 22,79 ինդեքսով, առաջ անցնելով ԱՊՀ բոլոր երկրներից, ինչպես նաև եվրոպական երկրների մեծ մասից։ Համեմատության համար նշենք, որ Դանիան զբաղեցնում է 20-րդ տեղը, Ֆինլանդիան՝ 23-րդ տեղը, Գերմանիան՝ 42-րդ տեղը, Ռուսաստանը՝ 51-րդ տեղը»,- ասաց Դավթյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2021 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ։

«2021 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 57,7 տոկոս, նախորդ տարվա 55,7 տոկոսի դիմաց։ Ընդ որում, պետք է փաստել, որ 3830-ով ավելի հանցագործություն, քան նախորդ տարի»,- ասաց Դավթյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում