Հայաստանում փորձ է արվում աշխատանքային պայմանագրերը դարձնել էլեկտրոնային
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային իրավունքներին ուղղված նոր բարեփոխումներով Հայաստանում այլևս աշխատանքային պայմանագրերը կլինեն էլեկտրոնային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանն ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը` հավելելով, որ փոփոխությունը ներառված է կառավարության միջոցառումների ծրագրում:
Նրա խոսքով՝ մեր երկրում աշխատողների իրավունքը գերակա իրավունք է: «Դրա համար պետությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բացառի այդ իրավունքի խախտման կամ հնարավոր խախտման դեպքերը »,- ասաց նա:
Հակոբ Ավագյանն ընդգծեց, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես կառավարությանը ենթակա մարմին, իրականացնում է կառավարության միջոցառումների ծրագրով ստանձնած պարտականությունները և, իհարկե, տեսչական մարմնի կանոնադրությամբ սահմանված պարտավորություններն ու լիազորությունները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն էլ նշեց, որ նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումները կնպաստեն և կհանգեցնեն ոլորտի բարելավմանը ի շահ մեր քաղաքացիների:
«Այս պահի դրությամբ կառավարությունը ձեռնարկել է առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների կանոնակարգերի արդիականացման գործընթացը, որը նույնպես կնպաստի խնդիրների կարգավորմանը»,- հավելեց նա: