Քաղաքականություն

Միրզոյանն ընդունել է Դուշանբեում Լավրովի մասնակցությամբ Բայրամովի հետ հանդիպելու առաջարկը

2 րոպեի ընթերցում

Միրզոյանն ընդունել է Դուշանբեում Լավրովի մասնակցությամբ Բայրամովի հետ հանդիպելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին:

ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Նախարար Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում