Հայաստանն ԱՀԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրել որակյալ առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն ապրիլի 28-ին ստորագրել են համագործակցության երկամյա համաձայնագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նպատակն է բոլորին հասանելի դարձնել որակյալ առողջապահությունը, առողջապահական արտակարգ իրավիճակներից արդյունավետ պաշտպանությունը:

Համաձայնագրում սահմանվում են ԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև 2022-2023 թվականների համագործակցության առաջնահերթությունները, որոնց նպատակն է աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը առողջապահական ազգային նպատակներին հասնելու գործում՝ սերտորեն համագործակցելով քաղաքացիական հասարակության, գործընկերների և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ:

«Առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև համագործակցությունն առանցքային է, որպեսզի կարողանանք հասնել առողջապահական այն հիմնաքարային ցուցանիշներին, որոնց ձգտում է ՀՀ կառավարությունը: Ուրախ եմ նշել, որ Կառավարության 2021-2026 թվականների ռազմավարությունը ներառում է առողջապահական այնպիսի ցուցանիշներ, որոնք համահունչ են համաշխարհային օրակարգին: Այս ոլորտում ԱՀԿ-ի հետ մեր ջանքերի մեկտեղումը կարևոր է ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ նպատակներին հասնելու տեսանկյունից։

Հաշվի առնելով COVID-19 համավարակի աստիճանական նահանջը, մենք, բարեբախտաբար, կարող ենք կրկին ուղղել մեր ջանքերն ու ռեսուրսները դեպի գլոբալ առողջապահական սպառնալիքներ, որոնք դեռևս առկա են: Այդուհանդերձ համավարակի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերված փորձառությունը մեզ թույլ կտան առաջիկայում առավել համակարգված պայքարել հարային առողջության ոլորտում հնարավորին վտանգների դեմ։

2022-2023 թվականների Համագործակցության երկամյա համաձայնագրի շրջանակում առավել ուշադրություն կդարձնենք մեզ համար կարևորագույն այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովումը, առողջապահական համակարգի հզորացումը, առողջապահական արտակարգ իրավիճակներից պաշտպանությունը, առողջ ապրելակերպի խթանումն», - նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Երկամյա համաձայնագիրը հիմնված է ԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև երկարատև գործընկերության ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա, որոնց թվում են նաև ծխախոտի դեմ պայքարը, արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածությունը, արդյունավետ արձագանքը COVID-19 համավարակին, հոգեկան առողջությունը:

Այն համահունչ է հանրային առողջապահության միջազգային ռազմավարական այնպիսի նպատակներին, ինչպիսիք են ԱՀԿ Աշխատանքի եվրոպական ծրագիրը և առողջապահությանը վերաբերող Կայուն զարգացման նպատակները:

«Այսօր ստորագրված համաձայնագրով Հայաստանի օրակարգում առավել առաջնային է դառնում առողջությունը և կարևորվում է դրա նշանակությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք և զարգացման առանցքային առաջնահերթություն ավելի լավ տնտեսության, խաղաղության և անվտանգության համար։ ԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը երկար և արդյունավետ է եղել, և մենք կշարունակենք աշխատել սերտորեն առաջ տանելու առողջապահական ազգային օրակարգը, առողջապահական համակարգի հզորացումը, համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովումը, առողջապահական արտակարգ իրավիճակներից պաշտպանությունը, առողջ ապրելակերպի խթանումը։ Կարևորում եմ նաև պատվաստանյութերի և պատվաստումների կարևորությունը, որոնք հիմք են հանրային առողջապահական գործող համակարգերի համար»,-առանձնացրեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Կլյուգեն:

Դոկտոր Կլյուգեն ընդգծեց իմունիզացիայի կարևորությունը՝ որպես հանրային առողջապահության միջոց, ինչպես նաև այն, որ դրա միջոցով փրկվել են միլիոնավոր կյանքեր և հորդորեց շարունակել համատեղ ջանքերը՝ ավելացնելու COVID-19 դեմ պատվաստումները մարդկանց, առողջապահական համակարգերը և բուժաշխատողներին պաշտպանելու համար:

Հայերեն العربية English Русский

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերից շենքեր են փլուզվել. կան տասնյակ զոհեր

Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը