Բոլոր նրանք, ովքեր կփորձեն մեզ լռեցնել, կձախողվեն. ԱՄՆ կոնգրեսականը վճռական է Ցեղասպանության ճանաչման պայքարը շարունակելու գործում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը հզոր ուղերձ էր բոլոր նրանց, ովքեր պատմությունը վերափոխելու փորձ են անում:

Այս մասին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին «Արմենպրես»-ին տված տեսաուղերձում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերը:

«Որպես Կոնգրեսի՝ հայկական արմատներ ունեցող երկու անդամներից մեկը և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ` պատիվ ունեմ ձեզ հետ միասին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Ինչպես ձեզնից շատերը՝ ես ևս այս ողբերգությունը շատ խորն եմ զգացել՝ ինչպես ընտանեկան պատմության, այնպես էլ ամբողջ աշխարհի հայերի հավաքական ցավի միջոցով: Ես երբեք չեմ մոռանա մորս աչքերում եղած մեծ վիշտը, երբ նա ինձ պատմում էր 1915 թվականի ապրիլի 24-ի սարսափների մասին: Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի անսիրտ, համակարգված և հաշվարկված սպանությունը անհերքելիորեն պատմության ամենամութ էջերից է, և մենք պետք է շարունակենք ընդդիմանալ այդ պատմությունը ջնջելու փորձերին»,- նշել է Սփիերը:

Նա նշել է, թե ինչպիսի հպարտության պահ է ապրել, երբ 2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սփիերը նշել է նաև, որ իր համար մեծ պատիվ էր տարիներ առաջ օգնելու Կոնգրեսում ներկայացնել Ցեղասպանության ճանաչման մասին բանաձև՝ վերահաստատելու ԱՄՆ հանձնառությունը ճշմարտությանը:

«Նմանօրինակ գործողությունները հզոր ուղերձ են նրանց, ովքեր ցանկանում են վերափոխել պատմությունը: Սակայն մեր գործը դեռ չի ավարտվել: Թուրքիան շարունակում է հերքել, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել և ակտիվորեն աշխատում է՝ ճնշելու վերապրածների վկայությունները: Վերապրածների ճշմարտության հերքումը ոչ միայն վիրավորում է մեր համայնքի զգացմունքները, այլև քաջալերում հանցագործներին: Նախորդ ամիս Ադրբեջանը կրկին սադրանքի դիմեց Արցախում՝ գրավելով ևս մեկ գյուղ և թողնելով Արցախի բնակչությանը սառելու սաստիկ ցրտին՝ երեք շաբաթ շարունակ կտրելով գազը:

Այսօր անկեղծորեն ճանաչելով Հայոց ցեղասպանության ողբերգությունը՝ մենք հզոր ուղերձ ենք հղում՝ ասելով՝ բոլոր նրանք, ովքեր կփորձեն մեզ լռեցնել, կձախողվեն: Այս ցավալի օրը ես միանում եմ ձեզ՝ ոչ միայն հիշատակելու մեր նախնիներին, ովքեր օսմանցիների ձեռքով ոչնչացվեցին, այլև վերահաստատելու մեր հանձնառությունը՝ ի հիշատակ նրանց հանդես գալ ընդդեմ համաշխարհային ճնշումների ու անարդարության: Մենք կարող ենք և պետք է ապահովենք, որ հաստատվի արդարություն և նրանց կորուստը իզուր չլինի»,- եզրափակել է ԱՄՆ կոնգրեսականը:

Հայերեն English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված