Բնակֆոնդի մի հսկայական մասը մաշված է․ վարչապետը ազդարարեց բնակարանների ռենովացիայի ծրագրի մեկնարկի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց բնակարանների ռենովացիայի ծրագրի մեկնարկի մասին և հույս հայտնեց, որ այն կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության ապրիլի 15-ի նիստի ժամանակ Փաշինյանը մի քանի խնդիրներ ներկայացրեց ոլորտում։

«Խորհրդային միության ժամանակներից, հատկապես մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնակարաններ, որոնց մի հսկայական մասը ուղղակի չեն օգտագործվում և լքված տարածքի կարգավիճակ ունեն։ Երկրորդ խնդիրը, որ պետք է մեր աչքի առաջ ունենանք հետևյալն է՝ այս ընթացքում հանրապետությունում կտրուկ մեծացել է վարձով բնակարանների պահանջարկը և աճել են գները։ Բացի այդ, հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների գործերի առնչությամբ, և մենք մտածել ենք հետևյալը, որ գործարկենք պետական ծրագիր, որի շրջանակներում մեր քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և վերակառուցման ենթարկել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-ից 30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգոխնայողության համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ակնկալում է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով քաղաքացիները հոսանքի և գազի համար պակաս վարձավճարներ կվճարեն, և այս ներդրումը իրեն կարդարացնի։

«Մենք ակնկալում ենք նաև, որ այս վարկային ծրագրերով քաղաքացիները իրենց բնակարանների չօգտագործվող մասը կարողանան վարձով տալ,նաև տուրիզմի բնագավառում առաջարկ ձևավորել։ Ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մենք նաև պոտենցիալ աշխատատեղերով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, եթե չկարողանան գնալ արտագնա աշխատանքի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հուսով է, որ քաղաքացիները ակտիվություն կցուցաբերեն և կմասնակցեն ծրագրին։

«Առաջին փուլով տաս հազար այդպիսի վարկ կտանք և կգնահատենք հետագա ընթացքը։ Եթե մենք տեսնենք մեկ տարվա արդյունքներով մեր թիրախային նպատակներին հասել ենք, այս ծրագիրը կարելի է դարձնել շարունակական, որովհետև մենք իսկապես բնակֆոնդի շատ լուրջ խնդիր ունենք։ Մեր բնակֆոնդի մի հսկայական մասը մաշված է և մենք հույս ունենք, որ սրանով էական ներդրում կանենք և բնակարանների, և տնտեսության, և փոքր բիզնեսի, և աղքատության հաղթահարման գործում»,- ընդգծեց Փաշինյանը։

Պետությունը կսուբսիդավորի բնակարանների էներգոարդյունավետ վերանորոգման վարկերի տոկոսադրույքները

Հայերեն English Français Русский

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը