Հասարակական

Բնակֆոնդի մի հսկայական մասը մաշված է․ վարչապետը ազդարարեց բնակարանների ռենովացիայի ծրագրի մեկնարկի մասին

3 րոպեի ընթերցում

Բնակֆոնդի մի հսկայական մասը մաշված է․ վարչապետը ազդարարեց բնակարանների ռենովացիայի ծրագրի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց բնակարանների ռենովացիայի ծրագրի մեկնարկի մասին և հույս հայտնեց, որ այն կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության ապրիլի 15-ի նիստի ժամանակ Փաշինյանը մի քանի խնդիրներ ներկայացրեց ոլորտում։

«Խորհրդային միության ժամանակներից, հատկապես մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնակարաններ, որոնց մի հսկայական մասը ուղղակի չեն օգտագործվում և լքված տարածքի կարգավիճակ ունեն։ Երկրորդ խնդիրը, որ պետք է մեր աչքի առաջ ունենանք հետևյալն է՝ այս ընթացքում հանրապետությունում կտրուկ մեծացել է վարձով բնակարանների պահանջարկը և աճել են գները։ Բացի այդ, հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների գործերի առնչությամբ, և մենք մտածել ենք հետևյալը, որ գործարկենք պետական ծրագիր, որի շրջանակներում մեր քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և վերակառուցման ենթարկել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-ից 30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգոխնայողության համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ակնկալում է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով քաղաքացիները հոսանքի և գազի համար պակաս վարձավճարներ կվճարեն, և այս ներդրումը իրեն կարդարացնի։

«Մենք ակնկալում ենք նաև, որ այս վարկային ծրագրերով քաղաքացիները իրենց բնակարանների չօգտագործվող մասը կարողանան վարձով տալ,նաև տուրիզմի բնագավառում առաջարկ ձևավորել։ Ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մենք նաև պոտենցիալ աշխատատեղերով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, եթե չկարողանան գնալ արտագնա աշխատանքի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հուսով է, որ քաղաքացիները ակտիվություն կցուցաբերեն և կմասնակցեն ծրագրին։

«Առաջին փուլով տաս հազար այդպիսի վարկ կտանք և կգնահատենք հետագա ընթացքը։ Եթե մենք տեսնենք մեկ տարվա արդյունքներով մեր թիրախային նպատակներին հասել ենք, այս ծրագիրը կարելի է դարձնել շարունակական, որովհետև մենք իսկապես բնակֆոնդի շատ լուրջ խնդիր ունենք։ Մեր բնակֆոնդի մի հսկայական մասը մաշված է և մենք հույս ունենք, որ սրանով էական ներդրում կանենք և բնակարանների, և տնտեսության, և փոքր բիզնեսի, և աղքատության հաղթահարման գործում»,- ընդգծեց Փաշինյանը։

Պետությունը կսուբսիդավորի բնակարանների էներգոարդյունավետ վերանորոգման վարկերի տոկոսադրույքները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում