ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2022 թվականի մարտի 10-ին ընդունել է թիվ 283-Ն որոշումը, որով կմեկնարկի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված և ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակապահովման ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ միգրացիոն ծառայությունից, ըստ 2013 թվականին կատարված ուսումնասիրությունների՝ մարզերում ծրագրի հավակնորդ շահառու են հանդիսանում 254 ընտանիքներ։ Ներկայում ընթանում է մարզերում բնակվող հավակնորդ շահառուների վերահաշվառման գործընթացը։ Միգրացիոն ծառայության և մարզպետարանների ներկայացուցիչների կողմից փետրվարին այցելություններ են կատարվել Արմավիրի և Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարաններում հաշվառված փախստական ընտանիքներին։ Մարտ ամսից վերահաշվառումն իրականացվում է Արարատի մարզում, ապրիլից՝ նաև Կոտայքում։
Հավակնորդ շահառու ընտանիքներ կան Հայաստանի բոլոր մարզերում, ամենաշատը՝ Արարատում, Կոտայքում, այնուհետև՝ Արմավիրում։ Հաշվառման գործընթացին հաջորդելու է հավակնորդ շահառուներին ծրագրի մասին ծանուցելու փուլը։ Ծանուցումը ստանալուց հետո փախստականը մեկ ամսվա ընթացքում պետք է անհրաժեշտ փաստաթղթերն ու դիմումը ներկայացնի Միգրացիոն ծառայություն։ Միջգերատեսչական հանձնախումբը քննում է ստացված գործերը և հավակնորդ շահառուի համապատասխանությունը ծրագրի չափրորոշիչներին։ Դրական եզրակացության պարագայում տրամադրվող բնակարանի գնման վկայականը մեկ տարի վավերականության ժամկետ ունի։ Չորրորդ փուլի իրականացման համար հատկացվել է 1,4 մլրդ դրամ։
Նշվում է, որ Երևանում ծրագրի իրականացման շրջանակներում հաշվառվել են 453 հավակնորդ շահառուներ, որոնք ծանուցվել են ծրագրին մասնակցելու համար:
Վերջինների կողմից ծրագրին մասնակցելու համար ներկայացվել է 362 դիմում։ Քննարկումների արդյունքում բնակարանի գնման վկայագրեր են ստացել 270 ընտանիքներ։ Ընդամենը Երևանում ծրագրի իրականացման արդյունքում փաստացի տրամադրվել է 3.7 մլրդ դրամի ԲԳՎ (բյուջեի հատկացումը 5.8 մլրդ դրամ)։ ԲԳՎ ստացած ընտանիքներից 187-ն իրացրել են ԲԳՎ-ները և գնել են բնակարաններ /փաստացի ծախսը կազմել է 2.5 մլրդ դրամ/։ Բնակարանների գնման գործընթացը 2-րդ և 3-րդ փուլի շահառուների համար շարունակվում է։