ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆկարչուհիՔրիստինա Օգանեզզի «Խաղաղության աղավնին» կտավը Burbank Art Association-ի աջակցությամբ կցուցադրվի Գլենդելում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 29-ը՝ GEO պատկերասրահում։
«Շատ ուրախ եմ, որ այս բարդագույն ժամանակներումBurbank Art Association-ը ներկայացնում է խաղաղության կոչ արտահայտող իմ այս կտավը։ Նկարում պատկերված է աղավնի, կտավի գույները համապատասխանում են Ուկրաինայի դրոշի գույներին, իսկ աղավնու գլխավերևում Աստվածաշնչից տողեր են, որոնք մեզ հիշեցնում են նոր սկզբի և նոր կյանքի մասին: Հուսով եմ, որ տարածաշրջանում շուտով խաղաղություն կհաստատվի»,-նշում է Քրիստինա Օգանեզզը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բացվեցՕգանեզզի աշխատանքների ցուցահանդեսը։ ԱՄՆ-ում պարբերաբար տարբեր պատկերասրահներում ներկայացվում են նկարչուհու գործերը՝ գրավելով մարդկանց ուշադրությունը։
Քրիստինա Օգանեզզը Հայաստանի նկարիչների միության պատվավոր,Լոնդոնի Visual Artists Association-ի, ԱՄՆ-ի Portrait Association-ի ևԱրվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է: Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Նրա աշխատանքները զետեղված են անձնական, պետական և թանգարանային հավաքածուներում: Օգանեզզի գործերից կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում: 2020 թվականին Օգանեզզը Շառլ Ազնավուրի դիմանկարի համար Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի: