Տանգոն՝ խմբերգային կատարմամբ. «Կոմիտաս» երգչախումբը նորովի կմեկնաբանի հայտնի հեղինակների գործերը
3 րոպեի ընթերցում
![Տանգոն՝ խմբերգային կատարմամբ. «Կոմիտաս» երգչախումբը նորովի կմեկնաբանի հայտնի հեղինակների գործերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1080234.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի «Կոմիտաս» երգչախումբն ապրիլի 9-ին հանդես կգա «Խմբերգային տանգո» համերգով, որի շրջանակում կկատարի Աստոր Պիացոլայի, Արիել Ռամիրեսի, Պաբլո Լունայի և այլ սիրված կոմպոզիտորների հայտնի գործեր:
«Արմենպրես»-ի թղթակիցը հնարավորություն է ունեցել մասնակցելու համերգի գլխավոր փորձին և զրուցելու խմբավար Գայանե Սահակյանի հետ, որը ղեկավարում է երգչախումբը 2005 թվականից:
Նրա խոսքով՝ հանդիսատեսն ավանդաբար տանգոյի մեղեդիներն ունկնդրում է գործիքային կատարմամբ, և շատերի համար գուցե անսովոր լինի երգչախմբային մատուցումը, ինչն աշխարհում տարածված է, իսկ Հայաստանում՝ նորամուծություն:
«Տանգոյի միջոցով փորձելու ենք մարդկանց շեղել առօրյա ծանր հոգսերից և բերել ուրիշ աշխարհ, որտեղ գերիշխում են սերը, միմյանց հանդեպ հարգանքը»,-շեշտում է Սահակյանն ու հավելում, որ երեկոյին ելույթ կունենա երգչախմբի ամբողջ կազմը, նաև՝ կոնսերվատորիայի ուսանողներ:
Որպես մենակատարներ հանդես կգան Գուրգեն Պողոսյանը, Լուիզա Երեմյանը, Սիրանուշ Օվսիյանը, Մարգարիտա Սարգսյանը, Մարիամ Խաչատրյանը, Սարգիս Մինասյանը, Անդրանիկ Մալխասյանը: Կիթառահարներն են Էդուարդ Գրմուշյանը և Հենրիկ Մելիքյանը, դաշնակահարը Գայանե Արզումանյանն է, ակորդեոնահարը` Արտյոմ Գեղամյանը: Պարային համարները՝ Balmanukyan Dance Project-ի,
խորեոգրաֆ՝ Թագուհի Մարկոսյան:
«Կոմիտաս» երգչախումբը կազմավորվել է 1981 թվականին, երբ հիմնադրվել է օպերային ստուդիան: Երկար տարիներ այն հանդես է եկել միայն իգական կազմով: Սահակյանի խոսքով՝ երեք տարի է՝ երգչախումբը համալրվել է արական սեռի ներկայացուցիչներով, ինչը ղեկավարը մեծ ձեռքբերում է համարում:
«Իգական կազմով մի շարք մրցույթների ենք մասնակցել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ երկրից դուրս, արժանացել ենք «Գրան պրի»-ների: Նոր կազմով դեռ չենք մասնակցել մրցույթների համավարակի և այլ պատճառներով: Հույս ունենք, որ ամեն բան առջևում է»,-ասում է Գայանե Սահակյանն ու շեշտում՝ նոր կազմով 2021-ին ելույթ են ունեցել Հրազդանի դրամատիկական թատրոնում, որտեղ ներկայացրել են Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ խմբերգերը, Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակին նվիրված միջոցառմանը հնչեցրել են հեղինակի «Վարդավառ սյուիտ» խմբերգային ստեղծագործությունը:
«Մեզ համար առաջնային է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելը, սակայն չունենք կոնկրետ ուղղվածություն, և մեր երգացանկը շատ բազմազան է»,-եզրափակում է Գայանե Սահակյանը:
Լուսանկարները տրամադրել էԵՊԿ-ն
Անժելա Համբարձումյան