ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիից հրավիրված ռեժիսոր Լևոն Ուզունյանը, համագործակցելով Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հետ, բեմադրել է Ֆրանսիացի հեղինակ Դիդյե Կարոնի «Կեղծ նոտա» դրաման:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնախաղերը տեղի կունենան ապրիլի 9, 10-ին և 23-ին:
Պիեսը կարելի է բնութագրել մեկ բառով՝ «ճակատագիր» (fatum): Այն հանցանքի և անխուսափելի պատժի, հատուցման մասին է։ Այստեղ միաժամանակ դրվում է ընտրության խնդիրը: Յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու իր ընտրության համար։ Եվ եթե ընտրությունը սխալ է եղել, ապա հատուցումը բումերանգի նման կհարվածի նույնիսկ ամենահայտնի և հաջողակ մարդու առավել խոցելի տեղին:
Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն ու դերասան Արմեն Արնաուտովը։ Բեմանկարչական ձևավորման հեղինակն Արթուր Հարությունյանն է, երաժշտական ձևավորումը կատարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վիլլի Վայները: